Առաջարկում եմ ՀՀ վարչապետի թեկնածու


00:30 , 6 ապրիլ, 2014

Քանի որ շատերը միայն գուշակում/ենթադրում են, թե ով կլինի ՀՀ հաջորդ վարչապետը, և քանի դեռ նրա անունը հայտնի չէ, ես մի պրոգրեսիվ բան ասեմ. առաջարկում եմ ՀՀ վարչապետ նշանակել չինական կամ ճապոնական զարգացող մի փոոոքր (ընդամենը 1.5 միլիոն աշխատող ունեցող) գործարանի տնօրենի:

Ինքը որպես ՀՀ վարչապետ բավականին շատ առավելություններ կունենա. ոչ մի ծանոթ-բարեկամ մեր երկրում, որոնց ստիպված պետք է աշխատանքի ընդունի ուրիշների փոխարեն, ու նաև ոչ մի հովանավոր, որին պետք է լավություններ անի: Ընդհակառակը՝ ինքը կունենա արտասահմանում (տվյալ դեպքում՝ իր հայրենիքում) աշխատելու հարուստ փորձ, ինչը մեր ժողովուրդը շատ է սիրում, ինքը կունենա արտասահմանում ստացած կրթություն, ինչը մեր իշխանությունները շատ բարձր են գնահատում, և ինքը կունենա արտասահմաններում գործնական լավ կապեր:

Մի խնդիր, սակայն, չինացի կամ ճապոնացի վարչապետ ունանելու դեպքում, այնուամենայնիվ, առաջանում է. երբ նա ելույթ ունենա, ոչ մի բան չենք հասկանալու:
Բայց դե այնպես չէ, որ նախորդ վարչապետը խոսում էր՝ բան էինք հասկանում: Ինքն էլ էր երբեմն-երբեմն «չինարեն» խոսում: Այնպես որ մենք, կարծում եմ, չինացի կամ ճապոնացի հաջողակ բիզնեսմեն-կառավարիչ վարչապետ ունենալուն հոգեբանորեն լրիվ պատրաստ ենք: