Վաղ է ասել, թե ով այս պարտիայում հաջողություն գրանցեց


12:48 , 5 ապրիլ, 2014

Վարչապետի հրաժարականի մասին մեկնաբանությունները վերջին օրերին գլխապտույտ են առաջացնում: Դրան զուգահեռ, Սերժ Սարգսյանը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք է սկսել. Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում` «նախագահը ԱԺ-ում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին»:

Արդեն հայտնի է` ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի ղեկավարները հանդիպել են Հանրապետության նախագահի հետ, ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ի ղեկավարները կհանդիպեն` առաջիկայում, «Ժառանգության» մասով հարցը դեռևս անորոշ է, իսկ ահա ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ «իրենք ոչ լեգիտիմ նախագահի հետ չեն հանդիպելու»:

Երբ քառյակի ներկայացուցիչները հայտարարում են, որ վարչապետի փոփոխությունից հետո իրենց օրակարգում ոչինչ չի փոխվել և իրենց պայքարը շարունակվելու է, նրանք առնվազն ազնիվ չեն իրենց ձևակերպումներում:

Առնվազն երկու առանցքային հարցում քառյակը ներկայացնող ուժերի միջև հակասություններ կան: Առաջին, «գործող նախագահի լեգիտիմ չլինելու հարցը» բարձրաձայնում են միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն միանշանակ ընդունում են նախագահի լեգիտիմությունը: Երկրորդ, ի տարբերություն քառյակի այլ ուժերի, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պատրաստակամություն են հայտնել ոչ միայն հանդիպել ՀՀ նախագահի հետ, այլև չեն բացառել կոալիցիոն կառավարության անդամ դառնալու հնարավորությունը:

Ավելին, եթե ԲՀԿ-ն այս պահին նախագահի հետ հանդիպումն ու առաջիկա անելիքները լռության շղարշի տակ է պահում, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով կոալիցիոն կառավարությանը ՀՅԴ-ի հնարավոր միացմանը, հայտարարել է, որ եթե իրենց ծրագրերը լիարժեք ընդունվեն, ապա` «ինչո՞ւ ոչ»:

Այս իրավիճակում, բավականին տարօրինակ է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը, ով նշել է, որ «Քառյակում գերիշխում է մի տրամադրություն՝ երկիրը կարող է այս ճգնաժամից հանել միայն ամբողջական իշխանափոխությունը»:

Այս հայտարարությունը առնվազն անհասկանալի է. ինչպե՞ս կարող է քառյակում գերիշխել ամբողջական իշխանափոխության տրամադրություն, երբ դրա անդամներից առնվազն երկուսի համար` կոալիցիոն կառավարության հարցը քննարկելի է: Ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականը, մեծ առումով, անակնկալ էր ոչ միայն հասարակության, այլև քառյակի համար, իսկ ստեղծված իրավիճակում վերջիններս դեռևս չեն կողմնորոշվում, թե իրենց ինչպես պահեն կամ ստեղծված իրավիճակին ինչպես արձագանքեն:

Միայն հայտարարել, թե վարչապետի հրաժարականը արդյունք էր քառյակի կողմից իրականացվող ճնշումներին կամ, որ քառյակը փուլային հաղթանակ է գրանցել, լուրջ չէ: Ու դա, նախևառաջ, այն պատճառով, որ քառյակը պատկերացում չունի, թե որոնք են լինելու նախագահի հաջորդող քայլերը և ով է նշանակվելու վարչապետի պաշտոնում: Նոր վարչապետի նշանակումն ու նոր կառավարության ձևավորումը ցույց կտա, թե այս պարտիայում ով հաջողություն ու ով պարտություն գրանցեց: