Չորս տարերք, չորս մոլորակ և վերջապես՝ «Չորս տարբերակ». մի քանի տարի առաջ այս խումբն ուներ իր լսարանը, պարբերաբար թողարկում էր երգեր, որոնք դառնում էին հիթեր, իսկ հետո անդամներն առանձնացան, ու ամեն մեկը սկսեց ներկայանալ որպես անհատ երգչուհի: Life.panorama.am-ը զրուցել է նախկին խմբի անդամներից Նարինե Մկրտումյանի հետ՝ պարզելու՝ ինչո՞վ է այժմ զբաղված երգչուհին, արդյոք կապը պահո՞ւմ է նախկին խմբի անդամների հետ, որքա՞ն ժամանակ է հատկացնում ընտանիքին եւ որքան՝ կարիերային:
-«Չորս տարբերակ» խմբի ցրվելուց հետո երկար ժամանակ է անցել. երկրպագուներին հետաքրքրում է՝ հնարավո՞ր է անդամները կրկին միավորվեն:
-Չգիտես ինչու՝ խմբի ցրվելուց հետո միայն համերգների կազմակերպիչները սկսեցին նկատել «Չորս տարբերակին» և ափսոսալ, որ այլևս դաշտում չենք գործում: Իսկ երբ խումբը գործում էր, այդ ուշադրությունը նույնքան ակնհայտ չէր: Ասեմ, որ հնարավոր է՝ խմբի նախկին անդամներս միավորվենք ինչ-որ երգի, տեսահոլովակի շուրջ և այդքանով սահմանափակվենք: Բայց որպես խումբ դժվար թե աշխատանքները շարունակենք. մենք ի սկզբանե զգուշացրել էինք, որ «Չորս տարբերակը» ժամանակավոր նախագիծ է, ու ամենքս էլ անհատ երգչուհի ենք: Խումբը պահանջարկ ուներ տվյալ ժամանակահատվածում, հենց այն իրեն որպես նախագիծ սպառեց՝ դադարեց գործել:
-Այսինքն, այլևս ասելիք չունեի՞ք:
-Եկավ մի շրջան, երբ սկսեցինք նոր բան փնտրել, չգտանք ու ժամանակ կորցրեցինք: Քանի որ մեր ամեն երգ ուներ իր բացատրությունը, կապված էր խմբի անվան, բնույթի հետ, հենց այնպես սովորական երգով հանդես գալ չէինք ուզում:
-Կարելի՞ է եզրակացնել, որ «Չորս տարբերակի» գործունեության դադարեցման պատճառը նոր գաղափարների պակասն էր, ոչ թե՝ ֆինանսների:
-Ֆինանսների բացակայության գործոնն էլ իր դերը խաղաց: Որոշիչ էր նաև ժամանակի սղության հանգամանքը. երբ արդեն ամուսնացանք, երեխաներ ունեցանք, իրավիճակը փոխվեց: Հիմա նոր արդեն եկել է այն շրջանը, երբ երեխաները մեծ են, ու մենք կարող ենք վերադառնալ մեր գործին:

-Հիմա որտե՞ղ եք աշխատում:
-Երգում եմ երևանյան ակումբներում:
-Ձեզ համար ավելի հեշտ է հանդես գալ որպես առանձին երգչուհի, թե՞ խմբի անդամ:
-Զուտ ճանաչված լինելու առումով ավելի նպատակահարմար է հանդես գալ խմբով: Որքան էլ որպես առանձին երգչուհի հանդես գամ, ինձ ներկայացնելիս ասում են՝ «Չորս տարբերակի» Նարինեն». խմբի պիտակը մինչև հիմա էլ վրաս է:
