Վարչապետի հրաժարականի տարօրինակ հանգամանքները


07:27 , 5 ապրիլ, 2014

Lragir.am-ը գրում է.

Մեր զրուցակիցն է փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը

 Էդգար, վարչապետի հրաժարականը, ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց հիմա եղավ, սա արտաքի՞ն, թե ներքին ճնշումներով եք պայմանավորում:

 Վարչապետի հրաժարականն անսպասելի էր: Հրաժարականի լուրը լսելուց ժամեր անց շատ դժվար է ասել, թե այն ինչով էր պայմանավորված: Իրականում չկային այն լուրջ նախանշաններն առ այն, որ հնարավոր էր իրավիճակի այսպիսի զարգացում: Նախագահի երկրորդ ժամկետի ժամանակ վարչապետի պաշտոնին սովորաբար նշանակում են այն մարդուն, որը պետք է լինի իշխանության թեկնածուն հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ: Դա կոչվում է իշխանության փոխանցման բյուզանդական մոդել: Եթե խնդիր է դրված միայն սահուն կերպով ապահովել իշխանության շարունակականությունը, ապա մի փոքր տարօրինակ է ժամկետի առումով: Մի փոքր շուտ է դա արվում, որովհետև ընտրությունները տեղի են ունենալու 2018-ին, իսկ մինչ այդ շատ ժամանակ կա: Դա կարելի էր անել նախագահական ընտրություններից մեկ տարի, կամ նույնիսկ ամիսներ առաջ:

 Երկրորդ տարբերակն այն է, որ հնարավոր է իշխանությունները ցանկանում են չեզոքացնել որոշակիորեն հանրության թափ հավաքող դժգոհությունը, տարբեր տեսակի քաղաքացիական շարժումները, ընդդիմադիր ուժերի ակտիվությունը, նրանց համագործակցությունը: Այս դեպքում էլ կարելի էր այս քայլը մի փոքր ավելի վաղ անել, որովհետև հիմա փաստացի ոչ իշխանական քաղաքական ուժերը կարող են ասել, որ տեսեք, մեր ճնշումները բերեցին նրան, որ իշխանությունները ստիպված եղան հանել վարչապետին: Արդյոք դա ձեռնտո՞ւ է իշխանություններին... Իշխանությունները կարող էին այս քայլին դիմել ամիսներ առաջ, և դա չկապվեր կենսաթոշակային խնդրի կամ ընդդիմության հանրահավաքների նոր ալիքի հետ: Սա էլ էր տարօրինակ:

 Երրորդ տարբերակը, որ այս պահի դրությամբ ավելի հավանական եմ համարում, պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն է վերջին շրջանում կտրուկ դիմել այնպիսի քայլերի, որոնք, ըստ էության, աննախադեպ են, և նա միջազգային հարաբերություններում հաստատված խաղի կանոններ է խախտում: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շատ ինտենսիվ կերպով ցանկանում է իր ազդեցությունն ուժեղացնել իրենից կախման մեջ գտնվող երկրների վրա:

 Այսինքն՝ հաջորդ վարչապետն էլ կնշանակվի Ռուսաստանի կողմի՞ց:

 Պուտինի նոր քաղաքականությանը համահունչ վարչապետ է անհրաժեշտ, որ լինի Հայաստանում: Հայտնի է, որ ժամանակին Տիգրան Սարգսյանը խոսում էր, որ հնարավորություն չկա ՄՄ անդամակցելու համար, խոսում էր եվրաինտեգրման մասին: Չի բացառվում, որ հենց այդ հանգամանքների պատճառով, այս հրաժարականը եղել է պուտինյան ռեժիմի կողմից որոշակի ազդակ Սերժ Սարգսյանին, որ նա փոխի վարչապետին, և այնպիսի մի մարդ դառնա վարչապետ, որն ավելի շատ է հակված Պուտինի վարչակարգի հետ աշխատելուն, որն ավելի լավ կկարողանա համակարգել Հայաստանի տնտեսական համակարգի ինտեգրումը պուտինյան նոր նախագծերին:

 Մեկ այլ տարբերակ էլ կա. այն է՝ ժողովրդի ճնշման արդյունքում դա եղավ: Ճիշտն ասած, այդ ճնշումը երբեմն ավելի ուժեղ է եղել, բայց իշխանությունները չեն մտածել վարչապետ փոխելու մասին: Ես կարծում եմ, որ առավել հավանական է ռուսական ազդեցության ներքո կատարված փոփոխության տարբերակը:

 Ո՞ւմ եք հնարավոր համարում վարչապետի պաշտոնում:

 Սերժ Սարգյսանը կարող է նշանակել վարչապետ մեկին, ով հակակրանք չի առաջացնի «հրաշալի քառյակի» մոտ: Դա կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով. կամ իշխանությունները կցանկանան չեզոքացնել հասարակության հետագա մոբիլիզացիան, ակտիվացումը, կամ էլ հնարավոր է որոշակի կուլիսային պայմանավորվածություններ են եղել քառյակի հետ, և սա այդ համաձայնության դրսևորումը կլինի: Կլինի մարդ, ով, ենթադրենք, ձեռնտու է ԲՀԿ-ի համար, դա նույնիսկ կարող է լինել այլ կուսակցության ներկայացուցիչ այդ պաշտոնում, բայց եթե լինի այլընտրանքային կուսակցության ներկայացուցիչ: Վարչապետ կարող է լինել անձ, որը ընդունելի է, կարող է լինել հանրապետականի կրծքանշանով, կարող է և չլինել հանրապետականի կրծքանշանով, բայց կարող է հանրապետականը ներկայացնի և ընդունվի ԲՀԿ-ի կողմից: Այս բոլոր տարբերակներն էլ հավանական են: Ավելի հավանական է, որ սա Պուտինի քաղաքականության շրջանակներում է:

 Մի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք. ընդամենը մի քանի օր առաջ ՀՀԿ-ն, ի դեմս Էդուարդ Շարմազանովի, ասում էր, որ ՀՀԿ-ում չկա կառավարության և վարչապետի փոփոխության հարց: Բայց այսօր հենց արդեն նախկին  վարչապետը և նույնիսկ Շարմազանովը ասացին, որ դեռևս հունվար ամսին է վարչապետը հայտնել իր հրաժարական տալու որոշման մասին, ուղղակի նախագահը խնդրել էր որոշակի գործեր ավարտին հասցնել, և վարչապետը համաձայնվել է: Այսօր, այդ գործերն ավարտին հասցնելուց հետո, նոր հայտարարել է հրաժարականի մասին: Այստեղ ակնհայտորեն կա հակասություն, որովհետև կամ իսկապես սա վաղուց պլանավորված քայլ էր, և այդ մասին գիտեին հանրապետական վերնախավի ներկայացուցիչները, բայց կեղծ տեղեկատվություն էին տրամադրում հանրությանը, կամ էլ չգիտեին, բայց հիմա են կեղծ տեղեկատվություն տրամադրում: Այսպես թե այնպես, ևս մեկ առիթ է, որ հանրությունը տեսնի՝ ինչպես է իշխող քաղաքական ուժը կեղծ տեղեկատվություն հայտնում: Քաղաքական էլիտայի ներսում առողջ գործընթացներ տեղի չեն ունենում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ