Քեսաբի հարցում թուրք-ադրբեջանական հակաքարոզչությունը պրիմիտիվ է և անիմաստ


17:34 , 4 ապրիլ, 2014

Շաբաթվա սկզբին Քեսաբի շուրջ կատարված իրադարձությունների վերաբերյալ մամուլում բարձրացված աղմուկին, երբեմն անհարկի շեշտադրումներով աղմուկին, ինչպես և սպասելի է, արձագանքել է ադրբեջանա-թուրքական մամուլը: Հիշեցման կարգով նշեմ, որ մարտի 31-ին ռուսական լրատվամիջոցներից մեկը` «Լայֆնյուզ»-ը, տարածեց մի տեսանյութ, որի մեջ իբր Քեսաբի վրա հարձակված գրոհայինները սպանում էին հայ գերիներին: Ցավոք, դրան հաջորդեց այդ լրատվամիջոցի կողմից նմանատիպ լուրերի մի ամբողջ շարք, իսկ մեր լրատվամիջոցները ցույց տվեցին իրենց պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակը և առանց տեղեկատվությունը ճշտելու սկսեցին տարածել դա` ստեղծելով համահայկական խուճապ, իսկ արդյունքում Քեսաբի և Հայոց ցեղասպանության դեպքերի միջև զուգորդումներ տարան: Հետո, երբ պարզ դարձավ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, մեր մի շարք փորձագետներ կարծիք հայտնեցին, որ թուրքերը կարող են շահարկել այդ փաստը, և ի լուր աշխարհի աղաղակել, որ հայերը ստախոս են, և իրենց անհիմն մեղադրում են ցեղասպանություն գործելու մեջ:

Կարճ ասած՝ ադրբեջանա-թուրքական մամուլը հենց այդպես էլ վարվել է: Բայց դա այնքան պրիմիտիվ է, որ խոսք չեմ գտնում բնութագրելու:

Այսպիսով՝ երեկ, մասնավորապես ադրբեջանական մամուլում, հայտնվեց տեղեկատվություն այն մասին, թե իբր պարզ է դարձել, որ հայերի սպանությունները Սիրիայում չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջնական լրատվամիջոցները, ի դեպ, այդ եզրահանգմանը եկել են` հղում անելով Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չապարյանին: Կլինեմ կարճ: Այս մարդիկ տարածել են ճիշտ այն տեղեկատվությունը, որը տարածել ենք և մենք. Քեսաբում հայ չի սպանվել, եղել է 38 գերի, ոմանց մի մասը վերադարձվել է, իսկ ընդհանուր առմամբ էլ տարհանվել է 700 հայ ընտանիք: Այս մեջբերումն անելուց հետո ադրբեջանցիները եզրահանգել են, որ հայկական մամուլի ջանքերը՝ Քեսաբը ներկայացնել որպես ցեղասպանություն, ձախողվեցին, և դա իբր ևս մեկ անգամ ապացուցում է, որ թուրքերի հանդեպ հայերի մեղադրանքներն ու պահանջները 1915թ.-ի ցեղասպանության առումով անտեղի են:

Հիմա ես փորձեմ հիմնավորել, թե ինչքան անտեղի են նման հրապարակումները թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից:

Նախ սկսենք նրանից, որ այդ տեղեկատվությունը ոչ թե մենք էինք տարածել, այլ տարածել էր վերը նշված ռուսական լրատվամիջոցը, որին մեր լրատվամիջոցները հղում են արել: Երկրորդ` նույնիսկ, եթե սպանությունների վերաբերյալ այդ տեղեկատվությունը տարածեին հայկական մամուլի որոշ ներկայացուցիչներ, դա ոչ մի կերպ չէր կարող դիտվել որպես պաշտոնական տեսակետ: Ի դեպ, այդ պաշտոնականի մասով: Մեր ոչ մի պետական գերատեսչություն հանդես չի եկել այնպիսի տեղեկատվությամբ, թե իբր հայերին մասսայաբար սպանում են Քեսաբում: Նշվել է միայն այն, որ կան ծանրակշիռ փաստեր, որ Քեսաբի վրա հարձակումը եղել է Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և որի արդյունքում հայերը բռնի կերպով լքել են իրենց տները, իսկ իրենց ունեցվածքը ենթարկվել է մասսայական թալանի: Այնպես որ, դրանք միանգամայն տարբեր բաներ են: Վերադառնալով լրատվամիջոցներին` նշեմ, որ հենց նույն օրը հայերի սպանությունների մասին լուրը հերքվեց հայկական մամուլի այն ներկայացուցիչների կողմից, ովքեր անպատասխանատվորեն տարածել էին դա: Այնպես որ, փորձերը ճանճից փիղ սարքելու այս հարցում ևս անիմաստ է:

Կարող էինք միայն այսքանով սահմանափակվել, բայց մի երկու բան էլ այնպես, իմիջիայլոց ասեմ:

Ես չեմ ուզում զուգահեռներ տանել Քեսաբի և Հայոց ցեղասպանության միջև: Դրանք միանգամայն տարբեր հարթությունների հարցեր են, բայց պետք է մի բան ասեմ, ինչը մեր հարևան շարքային ադրբեջանցին ու թուրքը գուցեև չհասկանան: Բանն այն է, որ Թուրքիայի կողմից ցանկացած հակահայկական գործողություն մեր` հայերիս կողմից շատ զգայուն արձագանք է գտնում, էլ չեմ ասում ռազմական բնույթի գործողության մասին: Իսկ այսօրվա դրությամբ արդեն ոչ ոք չի կասկածում, որ Թուրքիան բոլոր հնարավոր միջոցներով օժանդակել է ահաբեկիչների՝ հայաբնակ շրջանի վրա հարձակվելուն, իսկ այդ զինված ջոկատների մեջ եղել են բազմաթիվ թուրքեր: Այնպես որ, այս պարագայում հայերի խուճապային արձագանքը և Քեսաբի դեպքերի ասոցացումը Մեծ եղեռնի հետ միանգամայն հասկանալի է և ըմբռնելի միջազգային հանրության կողմից: Ի դեպ, այս հարցում մեզ ոչ թե ինչ-որ մեկը քննադատել է, այլ հակառակը. միջազգային հանրության կարևորագույն դերակատարների կողմից Քեսաբի հարցում, թեկուզև խորհրդանշական, բայց մենք ստացանք աջակցություն:

Քանի որ խոսեցինք ցեղասպանության մասին, այս համատեքստում ընդորում նշեմ, որ մարդկանց բռնի տարհանումը ևս հանդիսանում է ցեղասպանություն երևույթի մաս: Այնպես որ, եթե նույնիսկ չի էլ իրականացվել ցեղասպանություն քեսաբահայերի նկատմամբ, ապա այն, ինչ եղել է, պարունակել է իր մեջ այդ երևույթի էլեմենտներ:

Եթե խորանանք՝ կարելի է մի շարք այլ հակափաստարկներ ներկայացնել մեր հարևան և ոչ բարեկամ շարքային թուրքերին, բայց, կարծում եմ՝ այսքանն էլ բավական է: Այն, ինչ քիչ առաջ ասվեց, ուղղված չէ միայն թուրքերին: Սա ուղղված է նաև նրանց, ովքեր խուճապահար էին եղել և վախենում էին, որ ամբողջ աշխարհը մեզ կդատապարտի, իսկ թուրքերը մեզ կխայտառակեն: Այդպիսի բան չեղավ և չի էլ կարող լինել, քանի որ մտածելու և վախենալու տեղ մենք չէ, որ ունենք: Ով ունի, թող նա էլ մտածի և վախենա: