Սերժը հենց հիմա զոհեց իր վարչապետին՝ «Դեմ.եմ» շարժման թափը ջարդելու համար


12:48 , 4 ապրիլ, 2014

Քանի որ պաշտոնապես Տիգրան Սարգսյանն ինքնակամ է որոշել հեռանալ և դիմումն էլ նույնիսկ գրել է հունվարին, ինչը բավարարվեց ապրիլին, ապա կասեի, որ չափազանց վատ ժամանակ էր ընտրել գնալու (եթե, իհարկե, հավատանք պաշտոնական վարկածին): Նա պետք է գնար անմիջապես սեպտեմբերի 3-ից հետո, և այդ դեպքում գոնե պահպաներ դեմքը կամ այն, ինչ մնացել էր դրանից: Եթե գնար մինչև Ամանոր՝ մինչև մաքսայինին միանալու ճանապարհային քարտեզ կոչվածը, ապա այս դեպքում ևս ինչ-որ չափով ինչ-որ բան կպահպաներ տարիներ առաջ ունեցած հեղինակությունից: Այնպես որ, նա ընտրեց ամենավատ տարբերակը, ինչը չի խոսում նրա օգտին, չնայած որպես անձնավորություն նա բավական խելացի է: Հարցի երկրորդ կողմն ավելի ակնհայտ է՝ շախմատասեր Սերժը զոհեց իր վարչապետին հենց հիմա՝ «Դեմ.եմ» շարժման թափը ինչ-որ չափով ջարդելու համար: Միաժամանակ, հիմար դրության մեջ դրեց «ոչ իշխանական» չորսի ապրիլքսանության նախաձեռնությունը: Ուրիշ հարց, թե ինչ գնահատականի կարժանանա այդ զոհաբերությունը, քանի որ թե՛ որպես անհատ և թե՛ որպես պաշտոնյա զոհաբերվածն ամենաթույլ օղակն էր քրեական օլիգարխիկ համակարգի բուրգում: