11:56 , 4 ապրիլ, 2014
2014 թվականի մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լևոն Դոխոլյանի և Իշխան Խաչատրյանի «հեղինակած» «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը գրեթե բառացիորեն կրկնում է ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված օրինագիծը` նույնությամբ ամրագրելով բոլոր սահմանումներն ու հասկացությունները:
Այսպես՝ դեռևս 2013 թվականի օգոստոս ամսին ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ էր դրվել «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով 22.08.13թ. նախագծերը տեղադրվել են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Նախագծեր» ենթաբաժնում, և շահագրգիռ ֆիզիկական ու իրավաբանական անձանց առաջարկվել է 2013 թվականի օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներկայացնել նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Նախագծերը սահմանված կարգով շրջանառությունն անցնելուց հետո ներկայացվել են ՀՀ կառավարություն: