Տիգրան Սարգսյանը հեռացավ, քառյակի օրակարգը սպառվեց


01:00 , 4 ապրիլ, 2014

Տիգրան Սարգսյանի հրաժարականի հնարավորության մասին խոսվում է վեց տարի, այսինքն՝ այն պահից, երբ նա ստանձնեց հանրապետության վարչապետի պաշտոնը։
Սակայն Տիգրան Սարգսյանը վեց տարի շարունակ մնաց այն բացառիկ պետական պաշտոնյաներից մեկը, ով վայելեց նախագահի վստահությունը՝ պահպանելով պաշտոնը։
Այսօր նա հրաժարական տվեց, քաղաքական կոնյուկտուրյան հուշեց, որ նախագահն ընդունի այդ հրաժարականը։
Ես համոզված եմ, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հենց նրա որոշման հետևանք է ու իսկապես ունի նախապատմություն, որն ավելի երկար ընթացք ունի, քան վարչապետի նշած փետրվարը կամ ՀՀԿ խոսնակի նշած մեկ ամիսը։
Հեռացող վարչապետն իր հրաժարականի պատճառների մասին լռում է, Շարմազանովը չի ուզում դա կապել ընդդիմության օրակարգի կամ Մաքսային միության հետ։
Գուցե իսկապես կոնկրետ մեկ իրադարձություն չի ազդել Տիգրան Սարգսյանի որոշման դրա։ Ավելի շուտ՝ նրա հրաժարականը մի շարք գործոնների հանրագումարային հետևանք էր։
Առաջին հերթին այն գիտակցության, որ կառավարության նախկին ղեկավարն, ըստ էության, միայնակ էր մնացել ընդդիմախոսների հարձակման դեմ. երբ ընդդիմությունը նրան քննադատում էր, նրան աջակցում էին մեծամասնությունից մեկ–երկուսն, այն էլ՝ զուսպ, նախագահի խաթր, կամ դիվիդենտ շահելու նպատակով։
Ներիշխանական գզվռտոցի հիմնական թիրախը նույնպես Տիգրան Սարգսյանն է. հիշենք Վերահսկիչ պալատի նախորդ տարվա զեկույցը, օֆշորային սկանդալը, թեկուզ Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը։
Մարդը կարող է հեռանալու որոշում ընդունել, եթե իր կաբինետի ամենաստրատեգիական ռեֆորմը չի արժանանում խորհրդարանական մեծամասնության հրապարակային պաշտպանությանը, եթե բարձրագույն դատարանը կասկածում է դրա սահմանադրականությանը։
ՍԴ երեկվա որոշումը կարող էր լինել այն վերջին կաթիլը, որն ամբողջացրեց Տիգրան Սարգսյանի հրաժարականի ցանկությունը։
Տիգրան Սարգսյանի կառավարության ու հասարակության հարաբերություններն ի սկզբանե բնականոն չեղան։ Ոչ արդյունավետ կառավարումը հանգեցրեց հասարակության, քաղաքացու կանքի որակի անկմանը, ու մարդիկ օբյեկտիվորեն դժգոհ էին կառավարությունից։ Մյուս կողմից, աշխարհի որևէ երկրում չգիտեմ կառավարություն, որն աշխատում է համաշխարհային ճգնաժամի պայմաններում և ունի բարձր վարկանիշ։ Չկա նաև որևէ կառավարություն, որը չի զոհաբերել իր վարկանիշն արմատական բարեփոխումների ճանապարհին։
Տիգրան Սարգսյանն իր կուսակցությունում չուներ կայուն հենարան. խորհրդարանական մեծամասնությունը նրան պաշտպանում էր նախագահականի հարկադրանքով, իսկ պատերի տակ անընդհատ փնթփնթում էր, պահանջում նրա հրաժարականը։
Հեռացող վարչապետը նաև խորհրդարանական ընդդիմության հիմնական թիրախն էր, որովհետև «հրաշալի քառյակը» չէր հանդգնում դնել նախագահի հրաժարականի պահանջ կամ նման պատվեր չէր ստացել իր ներսի ու դրսի սպոնսորներից։
Ինչպիսի կառավարություն էլ ձևավորի նախագահը, Տիգրան Սարգսյանի հրաժարականն ի չիք դարձրեց քառյակի գոյության հիմքերը, նրանց հակաիշխանական պոռթկման հնարավորությունը մոտեցրեց զրոյի։ Նոր վարչապետը, անկախ անձից, չի կարող լինել քառյակի միավորման նոր «հակահերոսը»։
Տիգրան Սարգսյանի քաղաքական պարտիան հատկապես ավարտվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումով։ Նա արտաքուստ պաշտպանեց այդ որոշումը, բայց չարժանացավ ռուսական շրջանակների վստահությանը ու մի տեսակ չէր նայվում մեր եվրասիականացող իշխանության աստիճանակարգում։
Այս ամենը հնարավոր դարձրին վարչապետի հրաժարականը, որ գուցե պետք է տեղի ունենար ավելի վաղ։ Ուղղակի այսօր ներդաշնակվեցին նրա ու նախագահի ցանկությունները, քաղաքական կոնյուկտուրյան։