Նրբաճաշակ, կանացի ու շքեղ հագուստներ «Շատվերյան» նորաձևության տան գարուն-ամառ նոր հավաքածուում


18:57 , 3 ապրիլ, 2014

Գարնան զարթոնքին հայաստանյան հանրությանը և նորաձևության ոլորտի ներկայացուցիչներին հերթական անգամ նրբաճաշակ, կանացի ու շքեղ հագուստներով հիացնում է «Շատվերյան» նորաձևության տունը։ Նորաձևության տան հիմնադիր, դիզայներ Դիանա Շատվերյանը երբեք չի հիասթափեցնում իր բրենդի սիրահարներին և միշտ արդարացնում է նրանց սպասելիքները։ Հայազգի դիզայներն արդեն նվաճել է հայկական նորաձևության աշխարհն իր շքեղ և յուրօրինակ զգեստներով: Հազիվ թե գտնվի այնպիսի լայնամասշտաբ իրադարձություն, որտեղ աստղերը չփայլեն Դիանա Շատվերյանի մոդելավորած զգեստներով: Դեռևս 1940-ական թթ. երկրորդ կեսից` հետպատերազմյան շրջանից սկսած, կանայք սկսեցին հետևողականություն ցուցաբերել ոչ միայն աշխատանքի, այլ նաև հագուստի հարցում: Դիանա Շատվերյանը «Գարուն-ամառ 2014» հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է հենց այդ թվականների նորաձևությունից, որը հիանալիորեն մեկտեղում էր կանացիությունն ու հարմարավետությունը: Աշխատանքային բոլոր բնագավառներում կանանց ներգրավվածության շարունակական աճի հանգամանքը չպետք է խանգարի նրանց հիշել ի վերուստ տրված կանացի էության և կանացիության մասին: Դիզայների հավաքածուն իր մեջ ներառում է համաշխարհային նորաձևության 2014թ.-ի վերջին միտումները՝ պլիսսե, մինչև կոճ հասնող կիսաշրջազգեստ, ծաղկավոր նախշեր, վերնաշապիկի և զգեստի միախառնում, գրառումներով բլուզներ, ձեռքի աշխատանք և այլն:

Եթե Դիանա Շատվերյանի հավաքածուները նախկինում ներկայացրել են պրոֆեսիոնալ մոդելներ, ապա այս անգամ դիզայները դիմել է համաշխարհային նորաձևության մեջ ընդունված, սակայն հայկական նորաձևության աշխարհում աննախադեպ քայլի և հենց ինքն է ներկայացրել իր հավաքածուի զգեստները:

Հավաքածուն արտահայտում է վառ տրամադրություն, բացում նոր, հետաքրքիր և գունեղ աշխարհ: Դիզայների հավաքածուն պահպանում է «Շատվերյան» նորաձևության տան արդեն իսկ դասական դարձած կերպարը. օրգանիկ, բաձրորակ գործվածքներ, տպավորիչ գունային համադրություններ, կատարյալ ձևվածքներ, ինչպես նաև բարձրորակ դիզայներական հագուստին համապատասխան գներ:

Երիտասարդ դիզայների հավաքածուներին միշտ անհամբերությամբ են սպասում, քանի որ նրա հիմնադրած նորաձևության տան կողմից այս ասպարեզում կատարված յուրաքանչյուր քայլ անվիճելիորեն վառ է ու անմոռանալի:

Դիզայների միտքն այս անգամ ևս պարզ է. նորաձևությունը գնալով ավելի է նմանվում արվեստի, իսկ արվեստում գնահատելի է կատարյալը…

Հավաքածուի ֆոտոշարքը ստեղծելիս դիզայները համագործակցել է յուրօրինակ լուծումներով մշտապես առանձնացող ոճաբան Արայիկ Գաբաջյանի, ինքնատիպ և չկրկնվող սանրվածքների վարպետ, ոճաբան-վարսահարդար Սեդրակ Ղամբարյանի հետ:

Դիմահարդար-ոճաբան Ագա Քանքանյանի վառ երևակայությունն ապահովել է հավաքածուի ներկայանալիությունը, իսկ լուսանկարիչ Գրիգոր Իշխանյանը կյանքի է կոչել դիզայների ամենահամարձակ մտահղացումները: