14:59 , 3 ապրիլ, 2014
Հայկական պատմական Քեսաբի վրա թուրքերի կազմակերպած հարձակման մասին բոլորս ենք խոսում: Պատճառները բազմաթիվ են, իսկ դրանց մասին շատերն են խոսել և մեկնաբանել: Չանդրադառնամ դրանց: Բոլորս էլ գիտենք, որ Սիրիայում ընթացող պատերազմից տուժում են նաև մեր հայրենակիցները: Բոլորս անհանգստացած ենք Քեսաբի իրավիճակով, իսկ չե՞նք վախենում, որ մեկ այլ հայաշատ բնակավայր էլ կարող է նույն բախտին արժանանալ: Սիրիայի և Թուրքիայի սահմանին կա Ղամիշլին, այստեղ 100 տարուց ավելի իրար հետ ապրում են հայեր և քրդեր, ապրում են համերաշխ և բարեկամաբար: Կարծես բոլորիս ուշադրությունից դուրս մնաց անցած տարի ամռանը տարածված լուրը, որ ասում էր ահաբեկիչների կողմից Ղամիշլիի վրա հարձակումների մասին: Այն ժամանակ քրդական ինքավար ուժերը, որոնք վերահսկում են Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջանները կարողացան հետ մղել ահաբեկիչներին: Նշեմ նաև, որ հայ կամավորներ էլ կան այդ ուժերի մեջ: Այն ժամանակ մի հետաքրքիր բան շեշտվեց Ղամիշլի հայաշատ բնակավայրի վրա հարձակման մասին հաղորդագրության մեջ. ասվում էր, որ ահաբեկիչները ցանկացել են թուրքական սահմանի կողմից հարվածել, իսկ թուրքերը չեն թողել: Երևի չեն ցանկացել սահմանի 2 կողմերում բնակվող քրդերի թիրախում հայտնվել: Քեսաբի դեպքում չվախեցան հայերի արձագանքից և թողեցին հարվածել իրենց տարածքից, իսկ Ղամիշլիում չթողեցին: Իսկ որքանով է կիսով չափ հայերով բնակեցված Ղամիշլին ապահովագրված, որ հիմա էլ թուրքերը չեն թողնի և այս ուղղությամբ հարվածել իրենց տարածքից: Հիշենք, որ անցած տարի Քեսաբին էլ չէին թողել իրենց տարածքից խփել, բայց հիմա օգնեցին էլ հարվածել, ոչ միայն թողեցին: Ղամիշլին կարող է նույն բախտին արժանանալ, իսկ մենք չպետք է մոռանանք Արցախում Ղամիշլիի մեր հայրենակիցներից ոմանց հերոսական մասնակցության մասին: