Փոփոխությունների շրջան. ո՞վ է խախտում համաշխարհային խաղի կանոնները


14:38 , 3 ապրիլ, 2014

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ՄԱԿ ԱԽ երկրները կարողացել էին որոշակի ստատուս քվո հաստատել հիմնարար հարցերի շուրջ, իսկ ծագող կոնֆլիկտներն էլ փորձում էին լուծել բանակցությունների և փոխզիջումների միջոցով: 

Ատոմային հնգյակը ամեն ինչ անում էր, որպեսզի խուսափի ուղիղ հակամարտությունից, և սառը պատերազմն էլ դրա օրինակն էր, որ փորձ արվեց ամեն ինչ լուծել խնդիրները ժամանակի վրա գցելով: Իհարկե, կգտնվեն մարդիկ, որ կպնդեն, թե բացի «ատոմային հնգյակից», Պակիստանը, Հնդկաստանը և Իսրայելը նույնպես ունեն ատոմային ռումբ, և նրանք նույնպես կարող են թելադրող հանդիսանալ համաշխարհային քաղաքականության մեջ, սակայն այդ երկրներից որևէ մեկը պաշտոնապես չի ճանաչվել որպես ատոմային երկիր և ատոմային հնգյակի երկրներն էլ ամեն ինչ անում են, որ բացի իրենցից, որևէ մեկը չդառնա այդ հնգյակի անդամ: 
Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանակալից իրադարձությունը կարելի է համարել ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի վրա գցված ատոմային ռումբերը, որը ցույց տվեց, որ աշխարհում գերտերությունները պատերազմով հարցեր չպետք է լուծեն, քանզի ԱՄՆ-ից անմիջապես հետո ատոմային զենք ստեղծեց Խորհրդային Միությունը, Անգլիան, Ֆրանսիան և Չինաստանը և այս հնգյակն էլ ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի ուղիղ առճակատումից: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն մեկ անգամ է եղել, որ ուղիղ առճակատման սպառնալիք է եղել Կուբայի կրիզիսի հետ կապված, որն էլ լուծվել է Խրուշչովի և Քենեդու համաձայնութան շնորհիվ: Մնացած կոնֆլիկտները վերաբերել են այս կամ այն կողմի դաշնակիցներին՝ լինի դա Վիետնամը, Կոմբոջան, թե Աֆղանստանը, ու այն չի վերածվել համաշխարհային կարգի սպառնալիքի: 
Խորհրդային կարգերի ժամանակ եղել են նաև այլ տեսակի կրիտիկական պահեր, օրինակ, խորհրդային զորքերի՝ Հունգարիա և Չեխոսլովակիա ներխուժելը, սակայն դրանք զուտ Վարշավյան պայմանագրի երկրներին էր վերաբերվում ու գերտերության սահմանները մեծացնելու խնդիր չէր հետապնդում: Խորհրդային Միության փլուզումից հետո կրկին առաջացան մանր ու մեծ կոնֆլիկտներ, սակայն կրկին համաշխարհային խաղի կանոնները չփոխվեցին: Խորհրդային Միության քանդման ժամանակ ատոմային զենք ունեին Խորհրդային չորս հանրապետություններ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս և Ուկրաինա և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ ջանքերով այնպես արվեց, որ այդ զենքերը չմնան Խորհրդային հանրապետությունների ձեռքում, այլ վերադարձվեն Ռուսաստանին, որպեսզի կրկին աշխարհակարգը չփոխվի: Չհաշված տարբեր հակասությունների, համաշխարհային հարցերում ԱԽ երկրները միշտ պահել են խոհեմություն և խուսափել են պատերազմների էքսկալացիայից, այս կամ այն դաշնակից երկրներում: Իսկ ԱԽ անդամ երկրների հիմնական ստատուս քվոն կայանում էր նրանում, որ նրանցից որևէ մեկը իր տարածքները չպետք է մեծացնի այս կամ այն երկրից տարածքներ գրավելու միջոցով, քանի որ ի սկզբանե ուժերն անհամաչափ են և որևէ ոչ ատոմային երկիր չի կարող դիմակայել ատոմային գերտերություններից որևէ մեկին: 
Հիմա շատերը պնդում են, որ մինչև Ռուսաստանի Ղրիմ մտնելը ԱՄՆ-ն է խախտել խաղի կանոնները և մտել է Իրաք, Քուվեյթ, Աֆղանստան, Սերբիա, Լիբիա, Սիրիա… սակայն այս դեպքերից որևէ մեկում այս երկրները չեն դարձել ԱՄՆ նահանգ, իսկ այդ ամենն էլ ուղեկցվել է «ժողովրդավարության» զարգացման շղարշով, և այս կամ այն կերպ համաշխարհային խաղացողների հետ հաշվի նստելով և այս գործողություններին «միջազգային» համաձայնության շղրաշտ տալով: 
Ղրիմի դեպքը առանձնահատուկ է նրանով, որ Անվտանգության խորհրդի երկիրը իր տարածքները մեծացնում է ի հաշիվ իր հարևանների: Եթե Ղրիմում տեղի ունենար հանրաքվե և Ղրիմը անկախանար, այդ դեպքում կրկին համաշխարհային կարգը չէր խախտվի, և աշխարհը ավելի զուսպ կընկալեր այդ հանգամանքը, ու այդ դեպքում կարելի էր համեմատություն անել Կոսովոյի անկախացման հետ: Չէ որ Կոսովոն անկախանալուց հետո չմիացավ Ալբանիային, այլ մնաց «անկախ» ինչքան էլ այդ անկախությունը կախված է նույն Ալբանիայից և արևմտյան այլ պետություններից ու ԱՄՆ-ից: Նույնն էլ Օսեթիայի և Աբխազիայի խնդիրն էր, որոնք անջատվելով Վրաստանից, չմիացան Ռուսաստանին, այլ մնացին որպես «անկախ» պետություններ, իսկ Ռուսաստանն էլ չճանաչվեց որպես «ագրեսոր», քանի որ վերոնշյալ պատերազմը սկսվել էր վրացական կողմից: 
Նույնն էլ Արցախի հիմնախնդիրն է, որ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները հասկանում են, որ Արցախը պետք է մնա անկախ երկիր, այլապես ինքնորոշման իրավունքը համաշխարհային հանրության աչքում կդառնա «խոցելի» և Հայաստանի Արցախի ճանաչման դեպքում աշխարհը Հայաստանին կարող է մեղադրել հարևան երկրի տարածքային ամբողջականության խախտման մեջ: 
Նույնիսկ Թուրքիայի կողմից 1974 թվականին Հյուսիսային Կիպրոսի գրավման ժամանակ, Թուրքիան այն չի դարձրել իր մարզերից մեկը, այլ փորձում է իբր Կիպրոսի թուրքերի ինքնորոշման իրավունքի դրսևորում ներկայացնել:
Նույնը կարելի է ասել Իսրայելի դեպքում, երբ մինչ այժմ Իսրայելի կողմից Պաղեստինից և Սիրիայից գրավված տարածքները համաշխարհային հանրության կողմից չեն ընդունվում որպես Իսրայելի մաս, այլ բանակցություններ են վարվում դրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ:
Երբ ասվում է համաշխարհային խաղի կանոններն են խախտվել, հենց հարցն էլ վերաբրվում է ատոմային երկրի կողմից իր երկրի տարածքները մեծացնելուն, այսինքն՝ հարևան երկրների տարածքային ամբողջականության սկզբունքին ուղղակի ձևով դեմ գնալուն: Եվ ամենակարևորը չի պահպանվում այն բալանսը, որը գծված էր ազգերի ինքնորոշման իրավունքի և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքների միջև:
Հիմա կարող են նշել 1982 թվականին Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի կոնֆլիկտի մասին Ֆոլկլենդյան կղզիների հետ կապված, սակայն այդտեղ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, երբ «պատմական արդարությունը» վերականգնելու նպատակով Արգենտինան որոշակի քայլեր ձեռնարկեց և պարտություն կրեց Մեծ Բրիտանիայի կողմից:
Ժամանակակնից քաղաքականության մեջ «պատմական արդարության» հաստատումը կասկածելի և վտանգավոր դրույթ է հանդիսանում, քանի որ պատմական արդարության վերականգնման նպատակով տեղի ունեցան առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները, երբ Գերմանիան փորձում էր ուժի դիրքերից վերականգնել այդ «արդարությունը»: Հիմա էլ, եթե այդ դրույթը փորձարկվի կիրառվել ժամանակակից քաղաքականության մեջ, Եվրոպայում ամենաշատը Գերմանիան է «տուժել» պատմական անարդարությունից և կարող է նա էլ իր «հայտերը» ներկայացնել հարևան պետություններին: 
Այդպիսի վտանգավոր ճշտումներ միջազգային հանրությունը իրեն թույլ տալ չի կարող և այդ փաստը պետք է ընդունի յուրաքանչյուրը, ով փորձում է քաղաքականությամբ զբաղվել, զերծ մնալու համար ավելորդ պատրանքներից:
Ինչ վերաբերում է Հայաստանի մասով այս աշխարհաքաղաքական փոփոխությունների հորձանուտում, հաջորդ հոդվածում կփորձեմ հիմնավորել, թե Հայաստանի համար ինչու է կենսական անհրաժեշտություն հանդիսանում ունենալ օրինակարգ իշխանություններ և ինչ կործանարար հետևանքներ կունենան Սերժ Սարգսյանի իշխանությունների ղեկին մնալը: