Ինչու է Ղրիմն առաջնահերթություն, իսկ Քեսաբը` երկրորդական


14:17 , 3 ապրիլ, 2014

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական չճանաչող «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի Հայաստանի քվեարկությունը Հայաստանում ու արտերկրում տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ:

Իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկզբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների և իրավունքների, ներառյալ` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ և սկզբունքներ:

Ընդդիմադիր որոշ ուժեր հայտարարեցին, որ իշխանությունները զրկված են ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից ու ՌԴ-ի ճնշման տակ դեմ են քվեարկել մի բանաձևի, որին կողմ է արտահայտվել ՄԱԿ-ի անդամ 100 երկիր: Նաև նշվում էր, որ Հայաստանն իր քվեարկությամբ դեմ է գնացել քաղաքակիրթ աշխարհին:

Հասկանալի է, որ Հայաստանի քվեարկությունը նման հակազդեցություն էր ունենալու ու այն կարելի է անվերջ քննարկել` առանձնացնելով դրա դրական կամ բացասական հետևանքները, սակայն այստեղ մեկ այլ` ոչ պակաս կարևոր հարցադրում է առաջ գալիս:

Իսկ ո՞ւր է այդ քաղաքակիրթ աշխարհը, երբ Թուրքիայի հովանավորությամբ տարբեր ահաբեկչական խմբավորումներ, Ցեղասպանությունից գրեթե 100 տարի անց կրկին տեղահանություններ են իրականացնում հայաբնակ Քեսաբում: Կարծես թե պատմությունը կրկնվում է:

20-րդ դարի սկզբին, թուրքերը հայերին ցեղասպանության ենթարկելու ու տեղահանելու համար քրդերին էին օգտագործում, իսկ 21-րդ դարի սկզբին` ծայրահեղական տարբեր խմբավորումներին: Ու ինչպես մեկ դար առաջ էր, միջազգային հանրությունը սահմանափակվում էր, լավագույն դեպքում, ոչինչ չասող հայտարարություններով ու մտահոգություններով, այնպես էլ այսօր` «քաղաքակիրթ աշխարհի» արձագանքն անհամարժեք է:

Բռնությունների ու տեղահանության խնդիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկելու հարցով հանդես է եկել ՌԴ արտգործնախարարությունը, սակայն այդ առաջարկը մնացել է անարձագանք: Այս պահին նաև հայտնի չէ, թե Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կսահմանափակվի միայն սիմվոլիկ հայտարարություններո՞վ, թե առաջիկայում առավել ակտիվորեն կներգրավվի քեսաբահայության ու, առհասարակ, սիրիահայերի խնդրում:

Մեկ բան հստակ է. երբ մենք խոսում ենք քաղաքակիրթ աշխարհի մի մասը լինելու ու ըստ այդմ` նրա գծի մեջ գործելու մասին, նախ պետք է սահմանենք, թե որն է մեզ համար քաղաքակիրթ երկրի կամ աշխարհի սահմանումը: Քանզի դժվար է քաղաքակիրթ համարել մի երկրի, որը 21-րդ դարում կարող է անտեսել այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում ոչ միայն սիրիահայերի, այլև առհասարակ սիրիացի ժողովրդի նկատմամբ:

Այն, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը ներքին ու արտաքին բնագավառներում քննարկման առարկա է դառնում հայաստանյան քաղաքական ուժերի, հասարակական ու քաղաքական գործիչների կողմից, լրիվ բնական է (չնայած որոշ ուժեր շարունակում են իրենց հեռու պահել հստակ գնահատականներից), սակայն կարևոր է իրադարձությունների ընթացքը դիտարկել առավել լայն կտրվածքով ու դիրքորոշում արտահայտել ամբողջական պրոցեսների ռակուրսից: