Քեսաբի որոշ բնակարաններում վերաբնակեցում է կատարվել, պղծել են եկեղեցիները. Հրանուշ Հակոբյան


13:15 , 3 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին խնդրեց ներկայացնել քեսաբահայության վիճակի մասին տվյալներ: Հրանուշ Հակոբյանն ասաց, որ 670 ընտանիք տեղափոխվել է Լաթաքիա, Դամասկոս և այլ քաղաքներ, 200 հոգի ապաստան է գտել հայկական եկեղեցիներից մեկում, իսկ Քեսաբում մնացել են 38 մարդ՝ որպես պատանդ, սակայն նրանց հետ կապը կա, և նրանք բոլորն էլ ողջ են:

Հրանուշ Հակոբյանը նաև նշեց, որ բոլոր քեսաբցիներն ապահովված են սննդով և կենցաղային պարագաներով, այնուամենայնիվ խնդրում են, որ հայկական կողմը ճնշումը ավելացնի՝ հետաքննություն սկսելու և բնակարաններ վերադառնալու հնարավորություն ստեղծելու համար:

Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Քեսաբի որոշ բնակարաններում վերաբնակեցում է կատարվել, պղծել են եկեղեցիները, թալանել տները: Բոլոր դեպքերում, ըստ Հրանուշ Հակոբյանի, նյութական օգնության կարիք կա, ինչը կազմակերպվում է տարբեր խողովակներով (ավանդական կուսակցություն), սակայն նպատակահարմար կլինի օգտագործել համահայկական հիմնադրամը:

Սփյուռքի նախարարը նաև հայտնեց, որ այս պահի դրությամբ քեսաբահայերից ոչ ոք Հայաստան չի եկել, սակայն եթե նման ցանկություն կա. Հայաստանը պատրաստ է նրանց օգնություն ցուցաբերել, ինչպես մյուս սիրիահայերի դեպքում էր:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ արձագանքեց, թե այնտեղ գնացած մեր պատգամավորների հիմնական տպավորությունն այն էր, որ քեսաբահայերը ձգտում են հնարավորինս շուտ վերադառնալ իրենց տները: