Մերձբալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ական զորաշարժերը «ծեծկռտուքից հետո բռունցք թափ տալ են» հիշեցնում


12:19 , 3 ապրիլ, 2014

Մերձբալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ական զորաշարժերն ավելի շուտ հիշեցնում են ռուսական ասացվածքը՝ «ծեծկռտուքից հետո բռունցք թափ տալը», մինչդեռ Արևմուտքից հնչող այն հայտարարությունները, ըստ որոնց, Մոսկվայի, այսպես կոչված, մեկուսացման ծրագրի շրջանակներում որպես ռուսական գազին այլընտրանք լրջորեն քննարկվում է ադրբեջանական էներգակիրները Վրաստանի և Թուրքիայի տարանցմամբ Եվրոպա հասցնելու տարբերակը, ուղղակի վտանգ է պարունակում թե՛ Հայաստանի (ներառյալ Արցախը) և թե՛ Ռուսաստանի շահերի տեսանկյունից:

Ընդ որում, հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական դաշնակցության հանգամանքը և նաև կոնկրետ այս հարցում շահերի ընդհանրությունը, Ադրբեջանի դեմ աշխատանքները շատ ավելի արդյունավետ կլինեն, եթե ծրագրվեն և իրականացվեն հայ-ռուսական համատեղ ջանքերով, իսկ հնարավորության դեպքում՝ նաև Իրանի ներգրավմամբ:

Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի շահերի տեսանկյունից ակնհայտ սպառնալիք հանդիսացող ադրբեջանական ներկայիս խախուտ պետական կազմավորումը հիմնված է բացառապես նավթային եկամուտների և երկրում ժառանգաբար իշխող մեկ ընտանիքի անդամների անսահմանափակ իշխանության վրա՝ զուրկ լինելով թե՛ պետականության պատմական ավանդույթից, թե՛ համախմբող պետական գաղափարից և թե՛ ունենալով բազմաթիվ էթնիկական, կրոնական, մշակութային և աշխարհայացքային խզվածքներ, որոնց վրա ծրագրված համատեղ ներազդման միջոցով ուղղակի կարելի է մասնատել այս արհեստածին կազմավորումը, ինչպես հայկական ասացվածքն է պնդում՝ «ազատվելով գլխից էլ, գլխացավանքից էլ»: