Թուրքիայի ընդդիմությունը կարող է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մեկ միասնական թեկնածու առաջադրել


22:18 , 2 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Շատ հավանական է, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունները այս տարվա օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մեկ թեկնածուի կառաջադրեն: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ազգային-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Կըլըչդարօղլուին:

«Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի: Մենք խոսում ենք երկու փուլից բաղկացած ընտրությունների մասին: Երբ առաջին փուլում ոչ ոք չի հաղթահարում ձայների 51 տոկոս շեմը, նման միավորումը բնական է: Մենք արդեն ունենք մի քանի թեկնածուների անուններ: Սակայն ես դեռևս դրանք չեմ բարձրաձայնի»,- ասել է նա: Խոսելով հնարավոր միավորման մասին`Կըլըչդարօղլուն նկատի է ունեցել «Ազգայնական շարժում» կուսակցությանը:

Իսկ հարցին, թե կարո՞ղ է արդյոք ընդդիմությունն արդեն առաջին փուլում միասնական թեկնածու առաջադրել, նա պատասխանել է՝ «ժամանակը ցույց կտա»: