ՍԴ-ն իշխանություններին 6 ամիս ժամանակ է տվել՝ իրավական անվտանգությունից ելնելով, իսկ օրենքը դե ֆակտո չի գործում. իրավաբաններ


21:47 , 2 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Հանրապետության Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ելնելով իրավական համակարգի անվտանգությունից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Տիգրան Աթանեսյանը։ Նրա խոսքով՝ բարձր դատարանը իշխանություններին օրենքը շտկելու ժամանակ է տվել, բայց օրենքը դե ֆակտո չի գործում, քանի որ այն այլևս հակասահմանադրական է ճանաչված։

«Նման որոշումը պայմանավորված է իրավական համակարգի անվտանգությամբ։ Այսինքն՝ օրենքի դաշտը բաց չթողնելու համար Սահմանադրական դատարանը ժամանակ է տվել մեր իշխանություններին՝ փոփոխելու օրենքը»,-նշեց նա։

Տիգրան Աթանեսյանի խոսով՝ որոշման նման նորմը միատեսակ մեկնաբանություն չունի, բայց իրավունքի էությունից և օրենքի հասկացությունից ելնելով՝ օրենքը ուժ չունի։ «Ես, որպես իրավաբան, առավել քան համոզված եմ, որ այդ օրենքն ուժ չունի։ Օրենքը չի գործում դե ֆակտո, քանի որ հակասահմանադրական է ճանաչված, բայց ձևական առումով ստացվում է, որ այն մի քանի ամիս դեռ գործում է, դա «նոնսենս» է, նման բան չի կարող լինել»,-նշեց նա՝ ի պատասխան այն մեկնաբանությունների, թե օրենքը մինչև սեպտեմբերի 30-ը գործելու է։

Հարցին, թե այսինքն՝ աշխատավարձերից պահվելո՞ւ են վճարներ մինչ նշված ժամկետը, փաստաբանը պատասխանեց. «Առհասարակ, իմ կարծիքն է, որ անձն իրավունք ունի այդ օրենքի պահանջը չկատարել»։

Դիտարկմանը, թե արդարադատության նախարարը հայտարարեց, որ ՍԴ որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Արդարադատության նախարարը մեզ մոտ, առհասարակ, պետք է ուրիշ տեղ աշխատի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ