Guardian-ը ճանաչվել է տարվա թերթ


19:02 , 2 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Guardian-ը «Տարվա թերթ» է ճանաչվել Բրիտանական մամուլի մրցանակի (Press Awards) հանձնման արարողության ժամանակ: Գլխավոր պարգևը հրատարակությանն է շնորհվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների «Էլեկտրոնային լրտեսության» մասին հոդվածների հրապարակման համար: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

«Guardian-ի համար մեծ պատիվ է դառնալ «Տարվա թերթը»,- խոստովանել է հրատարակության գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերն արարողությունից հետո:- Բացի այդ, ես կցանկանայի առանձնահատուկ երախտագիտություն հայտնել Էդուարդ Սնոուդենին մերկացումներով հանդես գալու իր որոշման համար: Ես շնորհակալություն եմ հայտնում Guardian-ի ամբողջ թիմին: Այս պարգևը ես նվիրում եմ մեր աշխատակցուհի և լավ բարեկամ Ջորջինա Հենրիին, որը հեռացավ մեզնից այս տարվա փետրվարին»:

Բրիտանական մամուլի մրցանակը հանձնվում է ամեն տարի ժուռնալիստիկայի բնագավառում ունեցած վաստակի համար: Այն սահմանվել է 1970-ական թվականներին, ժյուրիի կազմի մեջ են մտնում ազդեցիկ լրագրողներ և հրատարակությունների ղեկավարներ: 2012 թվականին «Տարվա թերթ» էր ճանաչվել Daily Mail-ը, իսկ անցյալ տարի գլխավոր մրցանակը նվաճել էր Daily Telegraph-ը: