15:44 , 2 ապրիլ, 2014
Ադրբեջանական կայքերում հայտնվել է տեղեկատվություն, ըստ որի, Թուրքիան և Ադրբեջանը նոր, մասշտաբային ռազմական համաձայնագիր են նախապատրաստում: Համաձայն այդ տեղեկատվության` նախապատրաստվող համաձայնագիրը նախատեսում է անհրաժեշտության դեպքում ռազմական փոխօգնություն: Այլ կերպ ասած` կողմերը պետք է միմյանց ռազմական օգնություն ցուցաբերեն, եթե կողմերից որևէ մեկը որոշի դիմել մյուսին։ Մասնավորապես նշվում է, որ նման քննարկում է տեղի ունեցել երեկ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթին Օզելի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպման ընթացքում։ Այս լուրն անգամ մեկնաբանվել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռուստամ Մուսաբեկովի կողմից: Վերջինիս ասել, որ եթե նման որոշում կա, ապա ինքը միանշանակ կողմ է այդ համաձայնագրի կնքմանը, ինչպես նաև պատգամավորը կարծիք է հայտնել, որ նպատակահարմար կլիներ, եթե այդ համաձայնագիրը կնքվեր եռակողմ համաձայնագրով` Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև: Ըստ կայքի աղբյուրների, եթե ՆԱՏՕ-ն ավելի վաղ ետ էր պահում Թուրքիային Ադրբեջանի հետ նման համաձայնագիր կնքելուց, ապա Ուկրաինայի իրադարձություններից հետո դաշինքը շեշտակիորեն փոխել է իր դիրքորոշումը:
Ես նման նախաձեռնությունը միանգամայն բնական և հավանական եմ համարվում: Իմ կարծիքով, սրա համար կարող են լինել մի քանի պատճառներ:
Նախ սկսենք նրանից, որ ի հակակշիռ Հայաստանի գործողությունների, Ադրբեջանը ևս պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր: Տեսեք, Հայաստանը թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով գնալով ինտեգրվում է Ռուսաստանի հետ: Այսօրվա դրությամբ տնտեսականը դեռ եթե մի կողմ թողնենք, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի փոխօգնության այնպիսի պայմանագրեր, որոնք լիովին երաշխավորում են Հայաստանի ֆիզիկական անվտանգությունը արտաքին ոտնձգությունների դեպքում: Ընդ որում, դրանք թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պայմանագրեր են: Իսկ այսօր չմոռանաք, որ դեռ գոյություն ունի Արցախի չլուծված հարցը: Նման պայմաններում Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ եթե ինքն իր ապագան ոչ մի կերպ չի տեսնում Ռուսաստանի հետ, ապա ուզի թե չուզի, պետք է համապատասխան և որոշ առումներով համարժեք քայլեր ձեռնարկի:
Փորձեմ ավելի հստակ լինել: Տեսեք, Ադրբեջանը այսօր դեռևս չի համակերպվել Արցախի, ինչպես նաև մնացած ազատագրված տարածքների «կորստի» հետ, հետևաբար, եթե այդ երկիրը առնվազն տեսականորեն մտադրություն ունի ետ բերելու այդ տարածքները ուժի միջոցով, իսկ մենք Ադրբեջանի հռետորաբանությունից նման բան եզրակացնել ամեն դեպքում կարող ենք, ապա պետք է այսօրվանից փորձի ստեղծել այնպիսի իրավիճակ, որ երբ գա Ադրբեջանի համար այն հարմար առիթը՝ գրավելու Արցախը, այդ երկիրը կարող է ինչ-որ կերպ չեզոքացնել Ռուսաստանի, կա՛մ ուղղակի ներգրավվածությունն ընդհանրապես, կա՛մ էլ ներգրավվածության դեպքում դրա ազդեցությունը: Ճիշտ է, Թուրքիան Ռուսաստան չէ, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ անկախ ամեն ինչից, դիտենք այդ երկիրը որպես ՆԱՏՕ-ի անդամ, թե որպես առանձին տարածաշրջանային տերություն, չի կարող որոշակի հակազդեցություն ցուցաբերել Ռուսաստանի գործողություններին:
Սա, այսպես ասած, Արցախի հարցով:
Բանն այն է, որ Արցախի հարցից զատ կա մեկ այլ արդիական և շատ ուշագրավ մի հանգամանք: Ուկրաինայի ճգնաժամը ցույց է տալիս, որ Ռուսաստանն այդքան էլ հեշտ իր ձեռքերը չի ազատում պոստսովետական տարածքներից, հետևաբար չի բացառվում, որ Ուկրաինայից հետո հիմա էլ Վրաստանն ու Ադրբեջանը դառնան աշխարհաքաղաքական պայքարի կենտրոն: Իմ կարծիքով, եթե նման համաձայնագիր կնքվի և առավել ևս կնքվի եռակողմ (Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև), ապա դա կնշանակի, որ Արևմուտքը Թուրքիայի միջոցով կերաշխավորի այդ պետությունների անվտանգությունը: Կարճ ասած՝ կարող է ստացվել այնպես, որ այդ երկրները անուղղակիորեն պայմանագիր կնքեն ՆԱՏՕ-ի հետ: Այնպես որ, այս համաձայնագիրը կարող է ավելի խորը ենթատեքստ ունենալ, քան այն առաջին հայացքից երևում է:
Այսքանը քննարկելուց հետո հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք այս ամբողջը համապատասխանում է իրականությանը, թե սա հերթական ադրբեջանական քարոզչության արդյունք է: Իսկ եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա հետաքրքիր է տեսնել, թե ինչպես սրան կարձագանքի Ռուսաստանը, առավել ևս, եթե պարզվի, որ այս համաձայնագիրը լինելու է եռակողմ: