ՆԱՏՕ-ն դադարեցրել է ցանկացած տիպի ռազմական ու քաղաքացիական համագործակցությունը Ռուսաստանի հետ


15:19 , 2 ապրիլ, 2014

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ դադարեցնում է ցանկացած տիպի ռազմական ու քաղաքացիական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ի նշան Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ ունեցած իրենց որոշման:

Առաջին հայացքից ինչ-որ լուրջ քայլ է թվում, բայց որ մի քիչ վերլուծում ես, տեսնում ես, որ այս բուտաֆորիկ լուծումից ավելի շատ հենց ՆԱՏՕ-ն է տուժում, իսկ Ուկրաինային ոչ մի պրակտիկ օգուտ չի բերի:

Այսօրվա դրությամբ Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցությունը զուտ պայմանական էր և անգամ կարելի է ասել միակողմանի: Դրա երկու ամենակարևոր կետերը կապված էին «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի ռուսական պատվերով և ՆԱՏՕ-ի տարանցիկ ռազմաբազայի առկայությամբ, որով մատակարարվում են Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ական զորքերը:

«Միստրալների» պատմությունը շատ մութ է, ու դա Սերդյուկովի հերթական անասնական գործարքն էր, որովհետև արդեն պատվերը ձևակերպելուց ու նավաշինական աշխատանքները սկսելուց հետո պարզվել էր, որ ռուսական ուղղաթիռները չեն կարող շահագործել այդ ուղղաթիռակիրները տարբեր տեխնիկական ու գաբարիտային խնդիրների պատճառով: Այնպես որ, եթե այս պայմանագիրը չեղարկվի ֆորսմաժորային հիմունքներով ու ռուսներին հետ վերադարձնեն իրենց փողերը, ապա ռուսները միայն կշահեն դրանից:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի տանացիկ բազային, ապա եթե Ռուսաստանը վտարի այն իր տարածքից, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի իր զորքերի մատակարարման գրեթե բոլոր ուղիները կենտրոնացնել ոչ այնքան բարենպաստ Պակիստանի վրա: Էլ չեմ խոսում այն մասին, որ շուտով ՆԱՏՕ-ն պատրաստվում է դուրս բերել իր կոնտինգենտը Աֆղանստանից, ու սա հավելյալ ծախսերի ու գլխացավանքի թեմա է դառնում:

Դե իսկ Ուկրաինային ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչ օգուտ է տալու այս որոշումը: Չնայած, գնալով պարզ է դառնում, որ Ուկրաինայի վրա արդեն թքած ունեն ու պահում են ստատուս-քվո վիճակն այնքանով՝ որքանով: Դրա մասին վկայող ամենավառ փաստն էլ ԱՄՆ-ի սենատի կայացրած որոշումն է, որով գրավի դիմաց Ուկրաինային երաշխավորում են 1 մլդ դոլար վարկի ստանալու հնարավորություն, մեկ էլ 50 միլիոն դոլար են տրամադրում նախագահական ընտրությունների համար: Եվ սա այն պարագայում, երբ Ուկրաինան կանգնած է դեֆոլտի ռիսկի առջև, ու եթե մի տեղից հրատապ մի 15-20 միլիարդ չվճարի, ապա մինչև տարեվերջ տեղի կունենա տնտեսական տոտալ կոլլապս: