00:58 , 2 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Սիրիայում գրոհայինները Դամասկոսի մերձակայքում` Ջաուբարում քիմիական հարձակում են նախապատրաստում, որպեսզի հետո դրանում մեղադրեն կառավարությանը: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում: Այն հրապարակվել է ՄԱԿ-ի փաստաթղթերի էլեկտրոնային համակարգում, գրում է ITAR-TASS-ը:
Ջաֆարիի խոսքերով` «Սիրիայի համապատասխան մարմինները գաղտնալսել են Դամասկոսի Ջոբար Մուհֆազի թաղամասում երկու ահաբեկիչների միջև ռադիոհեռախոսազրույցը», որի ժամանակ նրանցից մեկը հայտնել է այդ շրջանում հակագազեր բաժանելու մասին:
«Մարմինները նաև գաղտնալսել են երկու ահաբեկիչների ևս մեկ ռադիոհեռախոսազրույց, որոնցից մեկի անունն Աբու Ջիհադ է: Այդ զրույցի ընթացքում Աբու Ջիհադն ասել է այն մասին, որ թունավոր գազ կկիրառվի`խնդրելով նրանց, ովքեր աշխատում են իրենց հետ ապահովել իրենց հակագազերով», - գրում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը: