Ամերիկացին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման Սպիտակ տան ուղղությամբ կրակ արձակելու համար


09:53 , 1 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Ծագումով Այդահո նահանգից Օսկար Ռամիրո Օրտեգա-Էռնանդեսը, ով 2011-ի նոյեմբերին հրաձգություն էր իրականացրել Սպիտակ տան ուղղությամբ, դատապարտվել է 25 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Համապատասխան որոշումը երկուշաբթի կայացրել է Վաշինգտոնի դաշնային դատարանը: Մեղադրող կողմը նրա համար պահանջել է 27.5 տարվա ազատազրկում:

Տղամարդը կրակն արձակել էր ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից: Միջադեպի հետևանքով ոչ ոք չէր տուժել, սակայն արձակված 8 փամփուշտները մոտ 100 հազար դոլարի նյութական վնաս էին պատճառել:

Նրա պաշտպանությունը պնդել է, որ հանցանքի պահին նա եղել է խորը ընկճախտի և հոգեկան սթրեսի մեջ: Սկզբում նրան մեղադրել են ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի մեջ, սակայն անցած տարի այդ մեղադրանքները հանվել են քննության հետ գործարքի շրջանակում: