Բազմիցս նկարահանվել է «Մոսֆիլմի», «Հայֆիլմի» և Երևանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում, օրինակ` «Առաջին էշելոնը» («Մոսֆիլմ»), «Մոր սիրտը», «Առաջին սիրո երգը», «Իմ ընկերոջ մասին», «Փառքի օղակները», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և այլն։
1951թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում. 1979–1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: 1985–1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:
Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ալեքսանդր Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վիլյամ Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»):
Խորեն Աբրահամյանը նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը: Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ: Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան»-ը:
Սիրված դերասանը մահացել է 2004թ. դեկտեմբերի 10-ին: