15:25 , 31 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
2014-ի ձյունառատ գարունը նոր մարտահրավեր էր մեր երկրի գյուղատնտեսության համար: Ցավոք ջերմաստիճանի կտրուկ անկումը զուգորդվեց հզոր ցիկլոնի, կարկուտի, ձյան առատ տեղումների և ուժեղ քամու հետ: Ցածր ջերմաստիճանը դեռևս կպահպանվի, իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ այն մեր գյուղատնտեսության վրա, Լուրեր.com-ի թղթակիցը փորձեց պարզել Արագածոտնի մարզի Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանից և Արարատի մարզի Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանից:
«Էլ մի ասեք` ինչ վնաս հասցրեց, ինչ ունեինք` վերջացավ: -7, -8-ի պայմաններում ոչ մի բան հնարավոր չի անել, ծուխն էլ չօգնեց»,- ասում է Արամ Ներսիսյանը և հավելում, որ այգիները ծխահարել են, բայց անօգուտ է, քանի որ այդ ջերմաստիճանի պայմանների դեպքում ոչ մի բան չի փրկվի:
Վերջինիս խոսքով` մարզպետարանի գյուղվարչության պետն արդեն այցելել է, հանձնաժողովներ են կազմակերպել, որպեսզի վնասի չափը հայտնաբերվի:
Գյուղապետը տեղեկացրեց նաև, որ գյուղում երեկվանից լույս չկա, այժմ փորձում են վթարի կետը բացահայտել, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական վարկերի մարման համար սպասվելիք խնդիրներին` գյուղապետն ասաց. «Դե, բնականաբար, խնդրի առաջ են կանգնում, որ ասենք չենք կանգնի, կհավատա՞ք»:
Արարատի մարզի Ջրաշեն գյուղի գյուղապետ Արտյոմ Ղազարյանն էլ տեղեկացրեց, որ չնայած կարկուտ չի տեղացել, բայց ձյունն ահագին վնաս է տվել. «175 հեկտար ծիրանի այգի է ցրտահարվել, 50 հեկտար էլ` խաղողի: Անհնար է ինչ-որ բան անել, արդեն ցրտահարված է»:
Գյուղապետը ցավով նշում է, որ այգիների սեփականատերերը մեծամասամբ վարկառու են, բոլորի հույսն էլ սպասվելիք բերքն է եղել, որն էլ ցրտահարվել է:
Այս գյուղ դեռևս մարզպետարանից ստուգումների չեն եկել, բայց գյուղապետը վստահ է, որ կգան: