14:40 , 31 մարտ, 2014
168.am-ը գրում է.
Մինչ Հայաստանում գրվում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի «միջոցառումների» ցանկը, կազմվում է հնարավոր բարձրաստիճան հյուրերի ցանկը, Թուրքիան Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված լրիվ այլ ծրագրեր ունի՝ առանց ելույթների ու հիշատակի մեղեդիների: Մարտի 21-ին Թուրքիայի տարածքից հայաբնակ Քեսաբի վրա երեք ուղղություններով հարձակում եղավ: Պաշտոնական տեղեկատվությունն ասում է, թե հարձակվողները սիրիացի գրոհայիններն են: Իմ զրուցակիցը՝ պատմաբան, լրագրող Գևորգ Յազըճյանը, փաստում է, որ խոսքն այլազգի վարձկանների, բաշիբոզուկների մասին է, որոնց զինել ու ֆինանսավորել է Թուրքիան: Մարտի 22-ի երեկոյան Քեսաբում այլևս հայ չէր մնացել. բոլորը, բացի 30-50 տարեց ու հիվանդ բնակիչներից, տարհանվել էին Լաթաքիա: Ըստ պատմաբանի՝ կա ավանդույթ, թե հայերը Քեսաբում և Մուսա լեռում բնակվել են առնվազն 2000 տարի առաջ, անգամ Տիգրան Մեծի ժամանակ, սակայն գրավոր տեղեկություններ այդ մասին չկան: Քեսաբը համարվում էր Սիրիայի լավագույն ամառանոցներից մեկը, որտեղ հանգստանում էին մարդիկ՝ ողջ աշխարհից: Քեսաբի հայերը ցրված են աշխարհում, սակայն նրանք սովորություն ունեն հատկապես ամռանը, Քեսաբի տոն համարվող Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը գալ բնօրրան և տոներից հետո վերադառնալ: Քեսաբ ավանի և համանուն գավառակի կայուն բնակչությունը շուրջ 2500 է, որից 2000-ը հայ է: Ամռանն այս թիվն ավելանում է մինչև 40-50 անգամ:
– Սիրիայում պատերազմն, արդեն երեք տարի է՝ շարունակվում է: Ինչպե՞ս է, որ Դամասկոսում, Հալեպում, Սիրիայի այլ քաղաքներում բնակվող հայերի համար, այդուհանդերձ, Թուրքիային սահմանակից Քեսաբն ընկալվում էր` որպես ապահով ապաստան:
- Քեսաբը վերջին 1 տարին պաշարման մեջ էր: Քեսաբի շրջանն ուղղակիորեն մխրճված է Ալեքսանդրետի սանջակի մեջ: Այն 2 կողմից սահմանակից է Թուրքիային, արևմտյան մասում Միջերկրական ծովն է, միայն հարավից է միանում բուն Սիրիային, սակայն հարավն էլ բնակեցված է թուրքմեններով:
Հիմա, փաստորեն, թուրքմենները Քեսաբը գրավելուց հետո կարող են միավորվել Թուրքիայի հետ: Սիրիայի համար ևս Քեսաբը ռազմավարական նշանակություն ուներ, պատվար էր թուրքացեղ երկու զանգվածների միջև: Տարածված ձևակերպումը՝ իբրև թե Քեսաբը գրավել են սիրիացի գրոհայինները, կեղծ է. դրանք սիրիացի ապստամբներ չեն, սիրիացիք դրանց մեջ քիչ տոկոս են կազմում. ողջ աշխարհից հավաքված բաշիբոզուկներ են:
Սիրիայի կառավարական բանակը փորձում է դիմակայել այս բաշիբոզուկներին, սակայն Թուրքիան իր տարածքից ռմբակոծում է: Մարտի 23-ին էլ Թուրքիան սիրիական մի ինքնաթիռ զարկեց: Իսկ աշխարհը լռում է: Զարմանալի է, որ Ղրիմի հարցում ողջ աշխարհը խառնվել է իրար, իսկ այս դեպքում, երբ, փաստորեն, տարհանում են Քեսաբի բնակիչներին, նույն Արևմուտքը, Եվրոպան լռում են:
- Ղրիմի իրադարձությունները քննարկվում են ոչ թե Ռուսաստան-Ուկրաինա տեսանկյունից, այլ` որպես նոր աշխարհակարգի ձևավորում: Չե՞ք կարծում, որ Քեսաբի իրադարձությունները ևս նույն ենթատեքստում են:
- Անշո’ւշտ. Քեսաբի գավառակի գրավմամբ տեղի են ունենում շատ կարևոր այլ գործընթացներ: Հասկանալի է, որ մեզ առավել հուզում է հայկական գործոնը, սակայն իրականում տեղի է ունենում աշխարհաքաղաքական կարևոր փոփոխություն: Նախ՝ Քեսաբի վրա հարձակումը կատարվեց Ղրիմի հանրաքվեից օրեր անց:
Ղրիմի միավորմամբ Սև ծովում Ռուսաստանի դիրքերն ուժեղացան, մինչդեռ Ղրիմի թաթարներին Թուրքիան, գիտեք, ֆինանսավորում է, նրանց այնպես տրամադրում, որ ցանկացած պահի խաղան Թուրքիայի թելադրած խաղը: Ռուսաստանին Ղրիմի միացմամբ կամ բռնակցմամբ (մեկնաբանություններ չեմ անի) Թուրքիան կորցրեց մի կարևոր գործոն Սև ծովում: Թուրքիան անգամ չի էլ թաքցնում, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին ոտնձգություն էր Թուրքիայի դեմ:
Մյուս գործոնը՝ Քեսաբի գրավմամբ սիրիական ապստամբ կոչվածները, իրականում՝ վարձկանները, ելք են ստանում դեպի Միջերկրական ծով: Երրորդ գործոնը՝ վերջերս խոսվում է այդ տարածքում, ծովի շերտերի տակ նավթի և գազի հսկայական պաշարների մասին, և համաշխարհային մի մրցավազք է սկսվել՝ այդ հարստությանը տիրանալու համար:
- Սիրիական ճգնաժամից առաջ արևելագետները ենթադրում էին, որ Թուրքիան անպատճառ կօգտվի վիճակից՝ լուծելու նաև Սիրիայի հայկական համայնքի հարցը՝ այն կթուլանա, կցրվի, այլ կերպ ասած՝ կդադարի գործոն լինելուց:
- Հայկական պահանջատիրությունն իրենց ուսերին են կրում հիմնականում Սիրիայի և Լիբանանի համայնքները: Ազատվելով կուռ, համամբված սիրիահայ համայնքից՝ Թուրքիան ազատվում է, թող որ մասամբ, հայկական գլխացավանքից: Թուրքիան արդեն հայտարարել է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ ունի ծրագիր: Ի՞նչ ծրագիր է, մենք հստակ չգիտենք: Նույնքան անհայտ է նաև հայկական ծրագիրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ