Անդրե. «Այս տարի Հայաստանը չունի մրցակից»


14:21 , 31 մարտ, 2014

Andre PosterԻնչպես հայտնի է` մայիսի 6-ից մեկնարկելու է «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը: Այս տարի մեր երկիրը ներկայացնող Արամ Mp3-ի, նրա երգի և մրցույթում մեր մրցակիցների մասին հարցազրույց ունեցանք «Եվրատեսիլի» առաջին հայ մասնակցի` Անդրեի հետ:

 

 -Անդրե´, ի՞նչ կարծիքի եք «Եվրատեսիլում» Արամ Mp3-ի մասնակցության մասին:

 -Շատ ուրախ եմ, որ վերջապես այս տարի Արամի հերթը հասավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու: Բոլորիս էլ հայտնի է նրա` բոլոր հնարավոր և անհնար հնչյուններն արտաբերելու տաղանդը:

 -Իսկ ի՞նչ կասեք «Not Alone» երգի ընտրության մասին:

 -Զգացվում է, որ երգը ոչ թե գրվել է հատուկ «Եվրատեսիլի» համար, այլ ծնվել է իր բնական հունով: Շատ եմ հավանում երգի մեջ առկա էներգիան: Այն իր մեջ ունի ուժ: Լավ է, որ երգի երաժշտության հեղինակը հենց կատարողն է` Արամը, ինչն արդեն մեկ քայլ առաջ է այն առումով, որ նա այդ հսկայական բեմից Եվրոպային ներկայացնելու և մատուցելու  է  իր հոգու երգը: Նաև շատ եմ հավանում Գարիկ Պապոյանի գրած զգացմունքային և հոգու լարերին դիպչող խոսքերը, չեմ կարող անտեսել նաև շատ գրագետ կատարված գործիքավորումը, որն առավել զգացմունքային է դարձնում երգը:

 -Ձեր կարծիքով ո՞ր երկրներն են լինելու Հայաստանի այս տարվա մրցակիցները:

 -Ես հետաքրքրվում եմ մրցույթով և արդեն լսել եմ բոլոր երկրների երգերը: Մեր երգը լսելուց հետո հասկացա, որ այս տարի Հայաստանը չունի մրցակից: Այս առումով իմ կարծիքը համընկավ մրցույթի երկրպագուների և բուքմեյքերների մեծամասնության կարծիքների հետ:

----

 -Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, այս տարի ո՞ր հորիզոնականն է լինելու մերը:

 -Միայն առաջինը: Միայն հաղթանակ եմ ակնկալում և 101%-ով վստահ եմ, որ հաղթելու ենք, մնում է, որ ժյուրին չտրամադրվի մեր երկրի դեմ և հատուկ ծախված լոբինգ չլինի, ինչը տեղի ունեցավ նախորդ երեք տարիների ընթացքում: Իմ կարծիքով այս մրցույթում ժյուրի չպետք է լինի, և հաղթողը պետք է նախորդ տարիների պես որոշվի միայն ժողովրդի քվեարկությամբ:

 -Որպես «Եվրատեսիլի» առաջին հայ մասնակից և մրցույթի լավ գիտակ, ի՞նչ խորհուրդ կտաք Արամ mp3-ին:

 -Ես իմ խորհուրդն արդեն տվել եմ Արամին. պետք է հոգեպես տրամադրվի, խաղաղ լինի, նորմալ քնի և սնվի, մնացածն արդեն ինքը կանի: Աստված նրան պահապան: Բոլորին կոչ եմ անում` իրենց աղոթքներով և դրական լիցքերով լինեն Արամի կողքին:

Այս տարին մեզ համար շատ կարևոր է… ես երազում եմ Երևանում կայանալիք «Եվրատեսիլ 2015»-ի մասին:)

Լուսանկարները` Անդրեի անձնական արխիվից

Սյունե Առաքելյան