Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված խորհրդակցություն՝ փոխվարչապետի մոտ


12:04 , 31 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել` եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված: 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզպետները: 

Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, ճանապարհների մաքրման, էներգամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքների մասին: Նշվել է, որ մարտի 30-ի առավոտյան հանրապետությունում հոսանքազրկված էր 230 բնակավայր, որոնց հիմնական մասում էներգամատակարարումը վերականգնվել է: Մարտի 31-ի առավոտյան, ժամը 09.00-ի դրությամբ, հոսանքազրկված է մնում 17 բնակավայր` 6370 բաժանորդով: Աշխատանքներ են տարվում օրվա ընթացքում նշված բնակավայրերում ևս էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: 

Տեղեկացվել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները իրականացրել են մեքենաների դուրս բերման, քարաթափումների հեռացման աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարության Ճանապարհաշինական վարչությունը շարունակում է հանրապետության ճանապարհների մաքրումը: 

Ներկայումս փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը, ինչպես նաև մի շարք միջհամայնքային ճանապարհներ, կան նաև դժվարանցանելի ճանապարhահատվածներ: Տեղումները ներկայումս շարունակվում են հանրապետության հարավային մասում, որոնք օրվա երկրորդ կեսին կդադարեն: 

Արտակարգ իրավիճակների և Տրանսպորտի և կապի նախարարությունները պարբերաբար տեղեկություններ կհաղորդեն ճանապարհների իրավիճակի վերաբերյալ: 

Փոխվարչապետը հանձնարարել է արագացնել հակակարկտային կայանքների տեղադրման աշխատանքները Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերում: 

Մարզպետներին հանձնարարվել է սեղմ ժամկետներում մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարություն, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մարզերում առողջապահական և կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման հարցը: 

Առաջիկայում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ոլորտում ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները: