Մեր մեծերը. Խորեն Աբրահամյան


10:59 , 31 մարտ, 2014

 

«Խորեն Աբրահամյանը աստղ է»... Արտիստը կարդաց ու քմծիծաղեց, ապա լրջությամբ. «Ինչքան գիտեմ՝ աստղերը երկնքում են...»: Եվ առանց շինծու համեստության էլ ավելացրեց. «Աստղը ո՞րն է, ես իմ գործն եմ անում: Իսկ եթե այդպես, աստղը Վահրամ Փափազյանն էր, Հրաչյա Ներսիսյանը... աստղը իմ ընկեր Մհեր Մկրտչյանն էր»:
Փորձեցի թերթում գրածը հիմնավորել իր՝ դերասանի վաստակով: Միևնույնն է, չընդունեց, մասամբ համաձայնեց այն կարծիքի հետ, որ իսկական դերասանները աստղերի պես չեն խամրում ու չեն շեղվում իրենց ընթացքից: Այդպիսին էր Խորեն Աբրահամյանը, աստղի շնորհներով ներդաշն անհատականություն, հզոր դերասան, բայց իր անձի և գործի գնահատության մեջ՝ ազնիվ, նաև համեստափայլ, թեև նրա մասին ոմանք հակառակ կարծիքն էին ծամծմում: 
Բարձրահասակ էր, թիկնեղ, գեղեցկադեմ, ինչպես առասպելի հյուսած Արա Գեղեցիկը: Բեմ էր բարձրանում վստահությամբ, թեև ասում էր, որ ամեն բեմելից առաջ իրեն պարուրում է վախի զգացողությունը... Տաղանդը այս դերասանի համար աստծո պարգև էր, որին վերաբերվում էր առանձնակի հոգածությամբ: Ապրում էր վայելքներով, նաև բոհեմական կյանքով, բայց երբեք չէր նսեմացնում տվածուրիկ թանկագին շնորհը, նախանձելի աշխատասիրությամբ հղկում էր այն: Նրա մտերիմներից մեկի վկայությամբ՝ թատրոնում նոր-նոր քայլեր անող Խորիկը հենց ազատ ժամանակ էր ունենում, «կորչում էր» դեպի Սևան: «Գնում եմ՝ լեզուս տաշեմ»,- ասում էր հումորով: Եվ ի՞նչ էր անում. բերանը մի բուռ գլաքար էր լցնում ու դրա տեղապտույտի մեջ բառեր, երբեմն՝ մի ամբողջ տեքստ էր արտաբերում...
Արդիականությունն ու համարձակությունը նրա արտիստական «խառնվածքի» առաջնային բնութագրիչներն էին՝ հավելած հանապազ փնտրտուքը: Խ. Աբրահամյանի ստեղծագործական երկարամյա ճանապարհը կարծես երևակել է հայ նորագույն թատրոնի ժամանակը, մեր բեմարվեստի վերելքներով ու վայրէջքներով ուղին: Դա ուրվագծում են ինչպես անվերապահ ընդունված, այնպես էլ սուր վեճերի տեղիք տված դերերը՝ Պեպոյի և Օթելլոյի կերպավորումները: 
Դեռևս 1981-ին, երբ նոր էր նշանակվել գլխավոր ռեժիսորի պաշտոնում, նա եռանդուն քայլեր էր ձեռնարկում՝ վերափոխելու ակադեմիական թատրոնը, ջանում էր այն դարձնել հետաքրքիր՝ խաղացանկով, գեղագիտությամբ:
- Հույզերից ավելի այսօր բեմում պետք է ներկայացնել խորհող մարդուն, այնպիսի հերոսի, որ հանդիաստեսին մտածել տա նաև վաղվա մասին: Իսկ նման հերոս կարող է ծնվել ճշմարտությունը վեր հանող արդիական, խոր բեմադրություններում:
Խորեն Աբրահամյանը հզոր էր նաև կինոյում: Կյանքի դրամատիկ խաչմերուկներում գործող նրա կինոհերոսները այսօր էլ չեն կորցնում իրենց հմայքն ու հետաքրքրությունը՝ ստեղծված նրա արտիստական կերպին բնորոշ ինքնավստահությամբ: Դերակատարը ասում էր, որ իր բոլոր հերոսներն էլ երկրի տեր են զգում իրենց, որովհետև օժտված են պատասխանատվության մեծ զգացումով՝ անկախ այն բանից՝ ղեկավար են, թե շարքային:
Շատ արվեստագետների պես նա ևս երջանիկ-տարաբախտ էր: Ոմանք այս արտիստի ստեղծածը, վարպետությունն առհասարակ ընդունում էին վերապահումներով: Ավելի հաճախ գործում էր նախանձի և անլիարժեքության սինդրոմը... 
Փորձեց նաև ֆիլմ բեմադրել: Ստացավ ամերիկացի հայտնի դրամատուրգ Նիլ Սայմոնի համաձայնությունը, տեղայնացրեց նրա «Ես ուզում եմ նկարահանվել» պիեսը և էկրանավորեց «Տեսնել և մեռնել» վերնագրով: Ճակատագրի հեգնանք. դա եղավ արտիստի «կարապի երգը»... Հեռացավ Արտիստը... Բայց այս անգամ մենությունից չգնաց «Ջին» խաղալու: Այս անգամ՝ 2004-ի դեկտեմբերի մառախլապատ 10-ին, «տառապանքից իմ հոգին մաքրող» Արտիստը կյանքից հեռացավ: Վերջին հանգրվանից առաջ Խորեն Աբրահամյանը իր սիրելի թատրոնում վերջին անգամ «բեմ բարձրացավ»... հուղարկավորող ձեռքերի վրա: Եվ կապարե լռության մեջ պայքեց նրա հզոր ձայնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի»... «Ամենայն հայոց բանաստեղծությունը» ասես ռեքվիեմ՝ Արտիստի «մահվան պարի մեջ». Չարենցի հոգեցունց Բառը ելք էր որոնում...
(Հ. Մարտունու «Օթյակ» գրքից)