05:12 , 30 մարտ, 2014
Մոդեստ Կոլերովն այն քաղաքագետներից է, որ պարբերաբար արտահայտում է ռուսական կառավարական որոշակի շրջանակների կարծիք։
Ինչքան մերոնք տրվում են ռուսներին, այս պարոնի «ախորժակը» բացվում է՝ չնայած նրա պատրոնների ցանկություններն ու ասլիքը նույնն են. սրանք արևմտամետ ու անվստահելի են համարում վարչապետ Տիգրան Սարգսյանին ու հետամուտ են նրա պաշտոնանկությանը։
Համենայն դեպս, սա է Կոլերովի վերջին հարցազրույցների հիմնական «երգը»։
Այսօրվա հարցազրույցում, սակայն, Կոլերովն անցել է անգամ հայ–ռուսական վասալային հարաբերություններին բնորոշ ցինիզմը։
«...Արդեն անցյալ տարվա ամռանը մանրամասնորեն քննարկել ու վերլուծության ենք ենթարկել Հայաստանի Ասոցացման համաձայնագրի նախագիծը և պարզել, որ համաձայնագրի հենց քաղաքական բաղադրիչում է ընդգրկված ամենագլխավոր թեզն այն մասին, որը փաստորեն կոտրում է վստահությունը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ, որ Հայաստանը կամ ցանկացած երկիր, որը ստորագրում է այդ համաձայնագիրը փոխանցում է իր պաշտպանական քաղաքական վերահսկողությունը ԵՄ-ին, և եթե Տիգրան Սարգսյանը հիմա հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է, ցանկանում է ստորագրել քաղաքական բաղադրիչը, նշանակում է, որ Հայաստանը կրկին վերադառնում է այդ պրոյեկտին, որն անիմաստ է դարձնում Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, անիմաստ է դարձնում Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայությունը, անիմաստ է դարձնում վերջին երկու տարիների ընթացքում հայոց բանակի մասշտաբային վերազինումը, այսինքն՝ այս հայտարարությունը թվում է նույնիսկ շիզոֆրենիկ»:
Ուշադրություն դարձրեք՝ ինչքան Հայաստանի իշխանավորներն, այդ թվում՝ Տիգրան Սարգսյանն եվրասիականացվում են, այնքան ռուսական իշխանությունը կամ նրանց խոսափողները մերոնց հետ խոսում են վիրավորական բառամթերքով։
Ու այս ամենի պատճառն այն է, որ մերոնք տարբեր գործընթացներին մասնակցում են ոչ թե ինտեգրվողի, այլ՝ տրվողի կարգավիճակով։