23:06 , 29 մարտ, 2014
Gala TV.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ-ի պատգամավորների 6 հոգանոց խումբը արդեն վերադարձել է Սիրիայից՝ Լաթաքիայից: Նրանք պատրաստվում են իրենց տպավորությունները ներկայացնել երկրի ղեկավարությանը եւ քննարկել, թե նյութական ինչ աջակցություն են ցուցաբերելու Լաթաքիայի եկեղեցում պատսպարված քեսապցի գաղթականներին: Պատգամավորները նաեւ հակված են Քեսապում տեղի ունեցածը իրավական տեսանկյունից բարձրացնելու եւ ներկայացնելու միջազգային հանրությանը՝ որպես մարդու իրավունքի կոպտագույն խախտում:
Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Արման Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, խնդրում եմ ներկայացրեք ինչ իրավիճակ էր Լաթաքիայում, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել հայրենիք:
-Առաջին տպավորությունները շատ էմոցիոնալ էին: Այն, ինչ որ պատմել էին մեր պապերը Եղեռնի մասին, կարծես մենք մեր աչքով տեսանք… ու լրիվ նույնությամբ՝ էլի թուրքեր, էլի եկեղեցում պատսպարվել, առանց որեւէ միջոցի գաղթել: Առաջին տպավորությունները շատ ծանր էին: Բայց այդ մարդկանց մեր գնալը մեծ ոգեւորություն տվեց, որովհետեւ իրենք զգացին, որ կա Հայաստան պետություն, որ իրենց հայրենիքն է, որ հետեւելու է, փորձելու է օգնել՝ ինչով հնարավոր է: Բայց նաեւ անպայման ուզում եմ նշել այն, որ այդ մարդիկ ամենեւին էլ ընկճված չէին, գոնե տղամարդիկ, որովհետեւ քեսապցին երրորդ անգամ է գաղթել եւ միշտ հետ է վերադարձել: Այսինքն, միակ հայկական գյուղն է Արեւմտյան Հայաստանում, որ հանգամանքների բերումով Սիրիայում է մնացել, եւ այդ գյուղը շարունակում է ապրել: Բացառիկ բնակավայր է այդ առումով, եւ այդ մարդիկ շատ վստահ էին եւ պատրաստվում են վերադառնալ տուն: Մի քիչ բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց բոլորը հույս ունեն, որ կվերադառնան տուն, դրա համար հենց մնում են եկեղեցում: Իհարկե, շատ ցավալի կլինի, որ ձգվի պրոցեսը, եւ մարդիկ գաղթեն տարբեր տեղեր: Բայց նաեւ ճշմարտության համար ասեմ, որ հայ տղամարդիկ Քեսապում ունեցել են իրենց ջոկատները, իրենք զգացել են, որ մեկ օր թուրքը մի բան անելու է: Պատրաստ են եղել դրան՝ գիշերային հերթապահություն, ամեն ինչ, եւ հենց այդ օրվա հերթապահող մարդկանց հետ որ խոսում էինք, գիշերը չորսի կողմերը թուրքական զրահատեխնիկայով ահաբեկիչները հարձակվել են գյուղի վրա, որոնք արաբներ չեն եղել: Այնտեղ հայերը սպանել էին հինգ հոգու, որոնք նույնպես իրենց կարծիքով չեչեններ են, ես վստահ չեմ… չեմ կարող ասել, բայց շիկահեր, ոչ արաբախոս ցեղեր են, որոնք վարձով կռվում են: Թուրքական կողմն ամեն ինչ արել է, որ հարձակվեն: Թուրքիայի կողմից զրահատեխնիկա է աշխատել, եւ դե բնականաբար ուժերը անհավասար են եղել, եւ սիրիական զորքերի օգնությամբ հայերը լքել են Քեսապը:
-Այսինքն գաղթելուց ոչնչի մասին չեն մտածել, անգամ ունեցվածքից գոնե ոսկեղեն կամ գումար չեն հասցրել վերցնել…
-Ոչ, չեն հասցրել, շատ անսպասելի է եղել, գիշերը չորսին են գաղթել: Երեխաներին մենակ վերցրել ու լքել են Քեսապը: Իրենց պատմելով՝ ոչ ոսկիներն են վերցրել, ոչ գումար… ոչինչ չունեին, ստիպված պատսպարվել են եկեղեցում:
Մեր տպավորությունն այնպիսին է, որ համայնքը շատ կազմակերպված էր. Լաթաքիայի կանայք ճաշ էին եփում ամբողջ գաղթականների համար, միջավայր էր ստեղծվել, որտեղ մարդիկ ապրում էին: Եկեղեցին էլ բավականին մեծ էր… Սիրիական իշխանություններն ապահովում էին առաջին անհրաժեշտության սնունդ, եւ բոլորի հույսը՝ որ կվերադառնան:
Նշանակությունը Քեսապի շատ մեծ է Սիրիայի համար: Պատմական Մուսալեռի մոտ է Քեսապը՝ սարի վրա եւ ծովի մոտ: Պատմականորեն ստրատեգիական շատ կարեւոր տեղ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ