14:40 , 29 մարտ, 20141in.am-ը գրում է.
Հետաքննության շրջանակում, որն սկսվել էր Թուրքիայի ԱԳՆ-ում Սիրիայի հարցով գաղտնի նիստի ձայնագրության տարածման փաստով, լրտեսության մեջ մեղադրանքով կալանավորվել է հայտնի լրագրող Օնդյար Այթաջը:
Ինչպես հայտնում է APA-ն, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, Անկարայում ձերբակալվել է նախկին ոստիկան Օ. Այթաջը, որը մոտ է Ֆաթուլլա Գյուլենի համայնքին:
Այթաջը մարտի 26-ին «Սամանյոլու» հեռուստաալիքով ելույթում հայտարարել էր Թուրքիայի կառավարության մտադրության մասին՝ ռազմական միջամտություն կատարել Սիրիայում ընտրությունների նախօրեին:
Ելույթից մի քանի օր անց համացանցում տարածվեց գաղտնի ձայնագրությունը: Դրանից պարզ էր դառնում, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ԱԳՆ ապարատի ղեկավար Ֆիրուդին Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդան և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլյարը գաղտնի նիստում քննարկում են Սիրիա ռազմական միջամտության պատճառներ գտնելու հարցը: