Կանացի խորհրդավոր գեղեցկությունը Մախա Թոփչագիքի ֆոտոշարքում (18 PHOTO)


11:54 , 29 մարտ, 2014

23-ամյա լուսանկարիչ Մախա Թոփչագիքը ասում է, որ սիրում է խորհրդավոր, արտառոց ու հետաքրքրաշարժ լուսանկարներ նկարել: Նրա ստեղծագործություններում այնպիսի վառ գույներ են օգտագործվում, որոնք անմիջապես գրավում են դիտողների ուշադրությունը: Նա իր լուսանկարների միջոցով ասես գեղեցիկ պատմություններ պատմի: Մախայի մասին ավելին իմանալու համար կարող եք կարդալ ստորև ներկայացված հարցազրույցը:

Maja Topcagic - The Most Inspiring Young Portrait Photographer from Bihac

- Մի քանի խոսքով պատմեք Ձեր մասին:   

- Ես ծնվել եմ Բիհաչ քաղաքում: Կրթությամբ ես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մասնագետ եմ: Լուսանկարչությամբ սկսեցի զբաղվել 19 տարեկանում, երբ նվեր ստացա իմ առաջին թվային ֆոտոխցիկը: Այդ ժամանակից ի վեր լուսանկարչությունն իմ տարերքը դարձավ: Ես մասնակցում եմ բազում ցուցահանդեսների Բոսնիա և Հերցոգովինայում ու Խորվաթիայում: Իմ նկարած լուսանկարը «Սարախևոյի լուսանկարը» լուսանկարչական մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց: Հետագայում ես մի այլ լուսանկար ներկայացրի՝ «2011 թ.-ի լավագույն ճանապարհորդական լուսանկարը» մրցույթին և կրկին հաղթող ճանաչվեցի: Ես պայմանագիր եմ կնքել Vogue Italia և Company Art + Commerce կազմակերպությունների հետ, ինչից հետո սկսեցի իմ լուսանկարները վաճառել աշխարհի տարբեր երկրների բնակիչներին:  

- Ի՞նչը Ձեզ ստիպեց լուսանկարիչ դառնալ:  

- Ինձ ամենից շատ գրավում էր այն միտքը, որ լուսանկարչության միջոցով կարելի է հավերժացնել այնպիսի պահեր, որոնք չեն կրկնվում: Դրանք կարող են միանման լինել, սակայն նույնությամբ չեն կարող կրկնվել: Մենք չենք կարող կանգնեցնել ժամանակը, սակայն կարող ենք լուսանկարի մեջ անմահացնել որոշակի պահեր:  

- Որտե՞ղ եք կարողանում ոգեշնչման այնպիսի աղբյուր գտնել, որն օգնում է Ձեզ ստեղծագործել:     

- Ցանկացած վայրում: Անգամ փողոցն անցնելիս ես պատկերացնում եմ ժամանակի մեջ սառած պահեր, որոնք անմահանում են ֆոտոխցիկի միջոցով:

- Ամենից շատ ի՞նչ եք սիրում լուսանկարել:

- Հիմնականում մարդկանց, քանի որ նրանց դեմքի արտահայտությունը երբեք նույնը չի լինում. այն փոխվում է հաշված վայրկյանների ընթացքում: Երկրորդ տեղում բնությունն է: Ես սիրում եմ լուսանկարել նաև գեղեցիկ կենդանիների ու երեխաների: