09:40 , 29 մարտ, 20141in.am-ը գրում է.
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ապրիլին Մոսկվայում հանդիպում կանցկացնեն՝ մոտ ապագայում երկու երկրների նախագահների հանդիպում նախապատրաստելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հանդիպումներ են անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 23-24-ին՝ Հաագայում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին՝ ասվում է հաղորդագրությունում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախագահներին տեղեկացրել են արտգործնախարարների հետ կատարված աշխատանքների մասին այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել էին նոյեմբերին բարձր մակարդակով հանդիպման ընթացքում:
Համանախագահներն ընդգծել են սահմանին և շփման գծում բռնությունից խուսափելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել զերծ մնալ ագրեսիվ հռետորությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: