Աննախադեպ իրավիճակ Հայաստանի պատվիրակության համար


07:27 , 29 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանին կհեռացնե՞ն ԵԽԽՎ-ից

Ռուսաստանը կարող է դադարեցնել իր անդամակցությունը ԵԽԽՎ-ում, հայտարարել է այդ կառույցում ռուսական պատվիրակության փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանում նախատեսված է քննարկել Ռուսաստանին ձայնից զրկելու կամ նրա անդամությունը սառեցնելու նախաձեռնությունը:

 Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի նախաձեռնությունը, որին արդեն աջակցություն են հայտնել շատ պատգամավորներ, կապված է Ղրիմում Ռուսաստանի գործողությունների հետ: Արեւմուտքը, բացի տնտեսական պատժամիջոցներից, Ռուսաստանին շրջափակում է թե միջազգային կառույցներում եւ թե «էլիտար ակումբներում»: Օբաման Ռուսաստանն արդեն անվանել է «տարածաշրջանային տերություն», նվազեցնելով նրա դերն ու կարգավիճակը, իսկ Յոթնյակը Պուտինին հեռացրել է G 8-ից:

 Արդյունքն աչքի առաջ է: Այսօր Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտարարել է, որ Ռուսաստանից կապիտալի արտահոսքն այս տարի կարող է հասնել 100 միլիարդ դոլարի: Իսկ Ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը գտնում է, որ կարտահոսի ավելի քան 150 միլիարդ դոլար: Դա նշանակում է, որ Ռուսաստանում կանգ կառնի տնտեսական զարգացումը: Եւ հարցն այն է, թե ինչ կառաջարկի Ռուսաստանի ղեկավարությունն իր քաղաքացիներին:

 Դժվար թե հնարավոր է Ռուսաստանի քաղաքացիներին անվերջ կերակրել «կիսելյովյան շչիով» - նրանք սովորել են հաշվել, եւ եկամուտների նույնիսկ փոքր ինչ նվազումը դժգոհություն կառաջացնի: Սակայն, Պուտինը եւ նրա թիմը շարունակում են խորհրդային ավանդույթները՝ ինչ ասես արժե միայն ՊԱՊ համալիրի վերածնումը:

 Շատ վերլուծաբաններ ասում են, որ պատժամիջոցները կարող են դրական դեր խաղալ Ռուսաստանի համար, նրան ստիպելով ներդրումներ կատարել սեփական արտադրության մեջ: Սակայն Մոսկվայի գործողություններն առայժմ վկայում են, որ Ռուսաստանը միայն փոխում է իր պատրոններին: Օրինակ, Մոսկվայում որոշել են պետական չինովնիկների ամերիկյան iPad-ները փոխարինել կորեական Samsung-ով, եւ ոչ թե սեփական Յոտաֆոնով:

 Բացի այդ, Մոսկվայում միջազգային հաշվարկներում առաջարկում են դոլարից անցնել ոչ թե ռուբլու, այլ չինական յուանի: Թեեւ, Չինաստանը կարծես թե չի շտապում օգնել Մոսկվային՝ ռուս գազովշչիկներն ասում են, որ դժվար թե Պեկինի հետ հաջողվի պայմանավորվել գազի մատակարարման գների շուրջ:

 Միով բանիվ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության համար հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. Ռուսաստանին ձայնից զրկելու հարցի քվեարկությունը գլխացավանք կդառնա նրա համար: Սակայն, իրավիճակը կարող է կտրուկ փոխվել այն բանից հետո, եթե Ռուսաստանը չսպասի քվեարկությանը եւ դուրս գա ԵԽԽՎ-ից: Այդ դեպքում մերոնք խորը շունչ կքաշեն, քանի որ հետագայում ստիպված չեն լինի քվեարկելիս աջ ու ձախ նայել եւ դիրքորոշում հայտնել:

 Մի վերապահումով՝ եթե ռուսները Հայաստանի պատվիրակությանը չստիպեն նույնպես դուրս գալ ԵԽԽՎ-ից:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ