03:51 , 29 մարտ, 2014Hraparak.am-ը գրում է.
Վաղը վերջապես Հայաստան կժամանի ՀՀ ԱԺ պատմության մեջ թերևս ամենաառեղծվածային և ամենաարկածային պատգամավորական խումբը, որի ոչ կազմը, ոչ բուն առաքելությունը, ոչ պատասխանատվության շրջանակները և ոչ էլ լիազորությունները պարզ չեն իրենց մեկնելու օրվանից մինչև վերադարձի նախօրեն: Ամեն անգամ այս կամ այն լրատվամիջոցին ծանոթով փոխանցած տեղեկությունների մեջ նշվում է մեկ բան՝ կգանք, ամեն ինչ կպատմենք:
Այդ խմբի անդամներից Էդմոն Մարուքյանը այսօր, արդեն Լիբանանից փորձել է «Ազատւթյանը» մոտավորապես բացատրել, թե այդ ինչ խումբ է իրենց խումբը: Պարզվում է, որ նրանք առավոտյան հակաթուրքական հայտարարություն են տարածել համացանցում, և քանի որ իրենց հայտարարությանը ուրիշ միացողներ չեն եղել, Հովիկ Աբրահամյանից թույլտվություն են հարցրել, հարցը կարգավորել ՀՀ ղեկավարության հետ ու երեկոյան թռել:
Երեկ մամուլը գրում էր, որ սա մասնավոր այց է: Սիրիական լրատվամիջոցները, սակայն, այլ կարծիքի են մեր երեսփոխանների այդ հանկարծակի այցի մասին, մանավանդ, որ Սիրիայի նախագահն է ընդունել նրանց, իսկ Սիրիայի նախագահը մասնավոր այցով բոլոր Սիրիա այցելողներին չի ընդունում: «Սանա» գործակալությունն ընդհանրապես մերոնց մասին գրել է՝ ՀՀ պաշտոնական պատվիրակություն, որի ղեկավարը Սիրիայի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահի ուղերձը:
Մեր երեսփոխաններն այսօր արդեն ընդունելություն են գտել Նորի տանն Կիլիկիո կաթողիկոսի մոտ և վաղը պատրաստվում են վերադառնալ Հայաստան: Հուսանք գոնե վաղը մենք մի հոդաբաշխ խոսք կլսենք այդ արտասովոր ձևաչափի պատգամավորական խմբի առեղծվածային ճամփորդության նպատակների և գրանցած քաղաքական հաջողությունների մասին:
Էդիկ Անդրեասյան

