Վարդան Պետրոսյանի գործի քննությունը հետաձգվեց մինչև ապրիլի 4-ը


18:48 , 28 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով դատական հերթական նիստում՝ մարտի 28-ին մեղադրյալ կողմի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նախագահող դատավոր Վաղինակ Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: 

Դատավորը հետաքրքրվեց՝ որ հիմքերն են փաստաբանին նման եզրահանգման բերել, ապա, հաշվի առնելով, որ աշխատանքային օրն արդեն ավարտվել է, և միջնորդության վերաբերյալ դատարանը դեռ պիտի լսի կողմերի կարծիքը, ապա հեռանա խորհրդակցական սենյակ՝ համապատասխան որոշում կայացնելու համար, սակայն քիչ ժամանակ է մնացել, որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը, միջնորդությանը անդրադառնալ հաջորդ դատական նիստի սկզբում: 

Դատարանը հաջորդ նիստը նշանակեց 2014 թվականի ապրիլի 4-ին ժամը 14:00-ին: Փաստաբան Բաղդասարյանը խնդրեց հաջորդ նիստը նշանակել մարտի 31-ին, քանի որ մյուս փաստաբանները Ֆրանսիա գնալ-գալու խնդիր ունեն, սակայն դատավորը որոշումն անփոփոխ թողեց: