Քաղաքական խաղը վեր է ածվում ռուսական ռուլետկայի


15:46 , 28 մարտ, 2014

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե իրենք 99 տոկոսով համոզված են, որ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տապալվելու է, քանի որ ՀՀԿ-ական մեծամասնությունը պաշտպանելու է կառավարությանը։ Միաժամանակ Ռուստամյանը նաև հավելել է, որ այս նախաձեռնությամբ քառյակը ցանկանում է ձևակերպել իր միասնականությունը, ուզում է դառնալ իշխանության հակադիր բևեռ։

ՀՅԴ գործչի անկեղծությունը գնահատելի է, երբ նա հայտարարում է, թե 99 տոկոսով համոզված է, որ «քառյակի» նախաձեռնությունը տապալվելու է, քանի որ դժվար է ազնիվ համարել «քառյակի» այն ներկայացուցիչներն, ովքեր համոզմունք են հայտնում, որ «իշխանության նկատմամբ տոտալ ճնշումների», «առնետավազքի» կամ «իշխող մեծամասնության որոշ մասի արդարամտության» շնորհիվ հնարավոր է ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը հաջողությամբ պսակել:

Միաժամանակ, «քառյակը» հնարավոր բոլոր միջոցներով փորձում է հանրությանը պատրաստել ապրիլի 28-ին տեղի ունենալիք «կարևորագույն գործընթացին», ինչը լրացուցիչ սպասումներ է առաջացնում հանրության այն շրջանակներում, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով աջակցում են ու հավատում են «քառյակին»:

Ինչևէ, խաղադրույքներն ընդունվել են, սակայն այս դեպքում մեկնարկված խաղն ավելի շատ նման է «ռուսական ռուլետկային» և ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում կարող է վատնվել մի ռեսուրս` հույս և հավատ, որն այս շրջափուլում վերջնական ֆիասկո կապահովի այս չորս ուժերի համար:

Դիտարկենք միասնականության ձևակերպման և իշխանությանը հակադիր բևեռ ձևավորելու թեզը:

Արդյոք կառավարությանն անվստահություն հայտնելու պրոցեսը հակադիր բևեռ ձևավորելու ու միասնականության ձևակերպման միակ ու ճշմարիտ ուղի՞ն է: Հարցադրումը համարենք հռետորական: Այն նպատակին, որ դնում է Արմեն Ռուստամյանը, կարելի է հասնել, օրինակ, «քառյակի» միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացմամբ և ամենևին էլ պարտադիր չէ անվստահության գործընթացով ամրագրել այն, մանավանդ, որ պրոցեսի հաջողությունը երաշխավորված չէ:

Անդրադառնալով իշխանափոխության իրականացման ծրագրերին՝ Ա. Ռուստամյանը նշել է, որ բևեռը կսկսի այդ մասին մտածել, երբ պարզ կդառնա, որ իշխանությունը պատրաստ չէ ընդունել իրենց ողջամիտ առաջարկները, և միակ ճանապարհն իշխանափոխությունն է։

Իսկ ո՞րն է ողջամիտ առաջարկների փաթեթը, կառավարության ինքնակամ հրաժարակա՞նը, ամբողջական իշխանափոխությունը, թե՞…