70 համայնք կմիանա Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգին


14:50 , 28 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) տարածումը 70 համայնքում» նախաձեռնության նոր փուլը, որով հանրապետության ևս 70 համայնք կմիանա Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգին: Այս մասին հայտնում են տարածքային կառավարման լրատվական ծառայությունից:

Այսօր ՀՀ փոխվարչապետ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկա էր նախաձեռնության նոր փուլի մեկնարկն ազդարարող միջոցառմանը:

«ՏԻՄ-երում էլեկտրոնային կառավարումը էականորեն կնպաստի համայնքային ծառայությունների որակի բարձրացմանը, աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև տեղական մակարդակում որոշումների կայացման թափանցիկությանը»,-ընդգծել է Ա. Գևորգյանը:

Փոխվարչապետի խոսքով` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ներկայումս ներդրված է հանրապետության 512 համայնքում, և իրականացվող աշխատանքները թույլ են տալիս հուսալ, որ առաջիկա 2-3 տարում հանրապետության բոլոր համայնքներն արդեն կօգտվեն էլեկտրոնային կառավարման համակարգերից:

Ա. Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպությանը` ինչպես տեղական ժողովրդավարության զարգացմանը, այնպես էլ ընթացիկ ծրագրերին ու բարեփոխումներին հետեւողական աջակցություն ցուցաբերելու համար:

«Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Հիլքե Էբերտը նույնպես արդյունավետ է համարել կատարված աշխատանքները` վստահություն հայտնելով, որ նախաձեռնության նոր փուլը նույնպես հաջողությամբ կիրականացվի:

Միջոցառմանը ներկա են եղել շահառու համայնքների ղեկավարներ, ՀԿՏՀ-ի կիրառման համար պատասխանատու աշխատակիցներ, որոնց ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին համակարգի ներդրման եւ կիրառման առանձնահատկությունները: