Որքան էլ մարդը գնա կարիերայի ետևից, միևնույն է, ընտանիքը նրա ամենամեծ ձեռքբերումն է: Մեկ-երկու տարի առաջ ոչ-ոքի մտքով չէր անցնի, որ «Վիցե միսսԵվրոպա 2005»-ի տիտղոսակիր Լուսինե Թովմասյանը առաջիկա տարիների ընթացքում կմտածի ամուսնական կյանքի և ընտանեկան պարտավորությունների մասին: Նույնիսկ կային խոսակցություններ, որ ինչպես յուրաքանչյուր գործարար ու կայացած կին, դժվար կլինի նրա ընտրությունը և ոչ շատ շուտ…Բայց արի ու տես, որ նորին գերազանցություն սերը տապալեց բոլորի գուշակությունները…
Life.panorama.am-ի հետ զրույցում Լուսինեն պատմեց անսովոր, բայց հեքիաթային ընտանեկան կյանքի, հարս-սկեսուր հարաբերությունների և առաջիկա անելիքների մասին:
-Լուսինե ինչո՞վ եք հիմա զբաղված:
-Քույրիկիս հետ միասին բացել ենք մանկական միջոցառումների կազմակերպման կենտրոն: Հետագայում երեխաների հետ կապված նորից հետաքրքիր մտահղացումներ ունենք, բայց այդ մասին խոսելը դեռ շուտ է:
-Ինչո՞ւ հենց մանուկների հետ որոշեցք առնչվել ձեր բիզնեսը:
-Արդեն մոտ 11 տարի է, քույրիկիս դստրիկի ծնունդներն ու բոլոր առիթները ինքներս ենք կազմակերպում: Հասկացանք, որ այդպիսի խնդիր կա: Շատ ծնողներ կան, որ մտածում են՝ ինչպես անեն, որ հետաքրքիր անցնի… Որոշեցինք թեթևացնել ծնողների կազմակերպչական հոգսերը… Մարտի 12-ին մեր կենտրոնի բացումը եղավ…
-Նախկինում Ձեզ հաճախ էինք տեսնում հաղորդավարի կերպարում: Ամուսնությո՞ւնը
հեռացրեց հեռուստատեսությունից:
-Ճիշտն ասած՝ այդպես որոշեցի, քանի որ մի փոքր դադարն ինձ համար շատ լավ էր ՝ նամանավանդ ամուսնությունից հետո, քանի որ շատ ավելի այլ հարցերով էի զբաղված: Բայց չեմ բացառում, որ մեկ օր կվերադառնամ հեռուստատեսություն:
-Լուսինե, այսօր մի տեսակ անտարբերություն կա գեղեցկության մրցույթների նկատմամբ: Այլևս հետաքրքրություն չեն առաջացնում ոչ մասնակիցների, ոչ հանդիսատեսի շրջանակներում: Նույնիսկ բարձրաձայն այդ մասին չի էլ խոսվում: Պատճառն ի՞նչն է, ինչ եք կարծում…
-Կարծում եմ՝ առաջին հերթին կապված է կազմակերպիչների հետ…Նախ, 3-4 տարին մեկ են ինչ-որ մի բան կազմակերպում և այն էլ շատ անկազմակերպ… Այդ իսկ պատճառով էլ չկա հետարքրքություն ոչ աղջիկների, ոչ էլ հանդիսատեսի կողմից: Տարիներ առաջ ավելի մեծ շուքով ու կազմակերպվածությամբ էր անցկացվում… Այս ամենը ինձ համար շատ անհասկանալի է: Մտածում էի՝ ժամանակի հետ էլ ավելի պետք է կատարելագործվի, բայց հակառակը ստացվեց…
-Դուք ձեր ուժերը փորձել եք և հաղորդավարի, և դերասանի գործում…Ո՞ր աշխատանքն առավել սիրեցիք:
-Չեմ կարող ասել, որն է հոգեհարազատ, բայց կարող եմ ասել, որ երկուսն էլ շատ հետաքրքիր են: Եթե միացնեմ նաև մոդելային կարիերան, որով ժամանակին զբաղվել եմ, պետք է ասեմ, որ այն ամենը, ինչ կապված է բեմի, տեսախցիկի հետ, ինձ հետաքրքրում է և հաճելի է: Բայց ասեմ նաև, որ այդ ամենին չեմ վերաբերել որպես մասնագիտություն. թատերականը չեմ ավարտել, որ դերասանուհի լինեմ… Պարզապես այդ ամենը հոբբիի նման է, բայց մեծ հաճույքով եմ զբաղվել դրանով…
