Հանրապետությունում մարտի 30-ից կտեղա ձյուն, ցրտահարություններն անխուսափելի են


12:55 , 28 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Բարենցի ծովում ձևավորված Արկտիկական ճակատը, որը ներկայում գտնվում է Ռուսաստանի եվրոպական մասում, շարժվում է դեպի հարավ՝ Կովկաս, ինչի հետևանքով Հայաստանում սպասվում են կլիմայական կտրուկ փոփոխություններ՝ ջերմաստիճանի աննախադեպ նվազմամբ: Արդեն վաղը հանրապետությունում կզգացվի սառը ճակատի ազդեցությունը՝ երեկոյան կսկսվեն ինտենսիվ տեղումներ գրեթե բոլոր մարզերում, առանձին հատվածներում սպասվում է քամու աննախադեպ ուժգնացում:

Այս մասին տեղեկացրեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 

Վերջինս տեղեկացրեց, որ մարտի 30-ին, առավոտյան ժ. 6.00-7.00-ի սահմաններում, օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, և առավոտյան ժամերին հանրապետության զգալի հատվածներում կտեղա ձնախառն անձրև ու թաց ձյուն: Առանձին հատվածներում կդիտվի բուք, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն: Ամենայն հավանականությամբ, ձյուն կտեղա նաև Արարատյան դաշտվայրում: 

Գագիկ Սուրենյանը նշեց, որ, ցավոք, փետրվարին ու մարտին բարձր ջերմաստիճանի պայմաններում Արարատյան դաշտավայրում ծիրանենին ծաղկել է ժամանակից 10-15 օր շուտ, ինչի հետևանքով դրանք ենթակա են ցրտահարության: 

«Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի 10-15 աստիճանով, և, ցավոք, ըստ կանխատեսումների, Արարատյան դաշտավայրում սպասվում է օդում մինչև 4 աստիճան ցուրտ, գետնի մակերևույթին՝ մինչև 5 աստիճան ցուրտ»,- հայտնեց բանախոսը:

Ցրտահարություններ են սպասվում նաև Լոռու մարզում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ու նախալեռնային հատվածներում, որտեղ կա վեգետացիա ու ծառերի ծաղկում:

Մարտի 30-ի լույս ապրիլի 1-ի գիշերը ևս կպահպանվի նույն ջերմաստիճանը՝ օդում 4 աստիճան ցուրտ, գետնի մակերևույթին՝ մինչև 5-6 աստիճան ցուրտ: 

Օդի ջերմաստիճանի բարձրացում մասնագետը ակնկալում է արդեն ապրիլի 1-ին, օրվա երկրորդ կեսին: 

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ իրենք իսկապես կցանկանային, որ իրենց կանխատեսումները չարդարանային: