10:43 , 28 մարտ, 2014
Armnewstv.am-ը գրում է.
«Արտավազդ» մրցանակաբաշխություն մի ասա, այլ իսկական մեղրավազդ: Երիտասարդ ռեժիսոր Գոռ Մարգարյանի «Մեղրի համը» ներկայացումը այս տարի սահմանեց բոլոր ռեկորդները: 6 մրցանակ մի ներկայացմանը, որ Վիկտոր Ռիժակովի գովեստին ու հիացմունքին էր արժանացել:
Լավագույն երիտասարդ դերասանուհի, լավագույն երիտասարդ դերասան, լավագույն ռեժիսոր, երկրորդ պլանի լավագույն դերակատար, լավագույն դերասանուհի և վերջապես լավագույն երիտասարդական ներկայացում: Գոռ Մարգարյանը, երբ 6-րդ անգամ բեմ բարձրացավ ու սպառել էր շնորհակալության բոլոր խոսքերը սկսեց պարզապես գովազդել սեփական ներկայացումը: Ով չի տեսել ու չգիտի «Մեղրի համ»-ի ֆենոմենը կարող է անձամբ պարզել:
11 անվանակարգեր, որոնց հիմնական մասը բաժին հասավ երիտասարդներին: Դեռ նախորդ տարի բեմի կորիֆեյները հայտարարեցին, որ իրենք այլևս չեն առաջադրվի ու իրենց տեղն ու մրցանակները կզիջեն կրտսեր կոլեգաներին: Ասացին ու արեցին:
Երնջանկյանը համեստություն է անում ու նրա համեստությունը գնահատվում է: Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված է Հրաչյա Ղափլանյանի 90 ամյակին: Նրա անվան հատուկ մրցանակն էլ բաժին է հասնում Արա Երնջակյանին:
Հատուկ մրցանակների պակաս «Արտավազդ»-ը չունի: Դրանց թիվը նույնիսկ գերազանցում է մրցութայիններին: Թատրոնի միջազգային տոնը միայն բեմի վարպետներինը չէ, կուլիսներում մնացող գործիչներն էլ իրենց արժանի գնահատականը ստացան, սրտներին եկածն էլ դահլիճում ներկա գտնվող մշակույթի նախարարին ու Ազգային ժողովի նախագահին ասացին:
Ավանդույթի համաձայն խնդրանքով բեմ բարձրացավ նաև մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Ամեն տարի այս բեմից նա խնդրում է լուծել թատրոնի շենքի հարցը: Դեռևս ապարդյուն: Այս տարի, սակայն, հատուկ մրցանակով գնահատվեց Դադասյանի բեմադրած Արծվաբերդը Շուշիի թատրոնում:
«Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգն էլ բաժին հասավ «Քեռի Վանյա» ներկայացմանը: Հրաչյա Գասպարյանը հպարտացավ ու ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դասականը մնում է դասական:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ