14:38 , 27 մարտ, 20141in.am-ը գրում է.
Գարնանը սրվում են որոշ սեռական խանգարումներ, որոնց պատճառները բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը համարում է օրգանիզմի դիմադրողականության նվազումը, վիտամինների պակասությունը, անկայուն եղանակը, ինչը հանգեցնում է սեռական ֆունկցիաների նվազման, սեռական առողջության պասիվացման: Գարնանը նկատվում է նաև նևրոզների ու դեպրեսիաների սրացում, որոնց հետևանքով դարձյալ սեռական վիճակը վատթարանում է, իմունիտետի անկման հետևանքով գլուխ են բարձրացնում սեռավարակները:
Ըստ սեքսապաթոլոգի՝ գարնանը ունենք հետևյալ պատկերը. սեռական ցանկության նվազման գանգատ (արևի ճառագայթների պակասի հետևանքով կանանց ու տղամարդկանց տեստոստերոնի մակարդակի նվազում), տղամարդկանց պոտենցիայի հետ կախված խնդիրներ:
Գարնանային սրացումների թվին է պատկանում նաև սեռավարակների ակտիվացումը, որոնք մարդկանց մեծ մասը լուծում է «տնական եղանակներով» կամ համացանցի միջոցով:
Ըստ սեքսապաթոլոգի, սեռավարակները հաճախ կարող են չարտահայտվել, սակայն անել իրենց «սև գործը»: Այստեղ խոցելի են հատկապես պատանիներն ու երիտասարդները, որոնք «գայթակղված են համացանցի սեքսուալ բնույթի կայքերով ու վաղ են ձգտում ապրել սեռական կյանքով»:
Սեռավարակների արտահայտման դասական եղանակը, ըստ բանախոսի, անհարմարավետության զգացումն է, քորը, ծակոցը, կարմրումը, մրմռոցը, դժվարամիզությունը կամ հաճախամիզությունը: Ըստ մասնագետի՝ հաճախ իրենց դիմում են երիտասարդները, սակայն «մեզանում դեռ կա այն ճակատագրական ամոթխածությունը», ինչի հետևանքով մի ստվար զանգված ամաչում է դիմել մասնագետի օգնությանը:
Ըստ սեքսապաթոլոգի՝ գարնանային սրացումների անտեսումը, տնական միջոցներով բուժումը ջրի երես են հանում այլ սեռական խնդիրներ, սեռավարակները ժամանակին չբուժելու հետևանքով հանգեցնում են անպտղության: «Հատկապես հարվածի տակ են տղամարդիկ, որոնք գարնանը մեկնում են արտագնա աշխատանքի, վերադառնում են ու հարվածի տակ դնում կնոջ սեռական ու վերարտադրողական վիճակը»,- կարծում է Շահրամանյանը:
Բանախոսն առաջարկում է ժամանակին «քանդել ստեղծված հանգույցը», անհապաղ դիմել մասնագետների ու զերծ մնալ համացանցային խորհուրդներից, որոնք հաճախ անգամ հեղինակներ չեն ունենում:
Իսկ անպտղության պատճառները կարող են բազմաթիվ լինել՝ սեռավարակներ, հորմոնային խանգարումներ, գենետիկ գործոններ: Քիչ չեն նաև թերսնմամբ պայմանավորված անպտղության դեպքերը, բացասաբար է ազդում ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը, ոչ ճիշտ կենսակերպ վարելը, սխալ հագուստի ընտրությունը: Անպտղություն կարող են առաջացնել նաև տնային պայմաններում կատարվող աբորտները: