Անդրանիկ Հարությունյանը ոչ ունեցել է, ոչ էլ կորցրել է


17:19 , 26 մարտ, 2014

Անդրանիկ Հարությունյանը ոչ ունեցել է, ոչ էլ կորցրել էLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի  զրուցակիցը Կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանն է, ում հաճախ տեսնում ենք նաև էկրաններին՝ տարբեր հումորային ու հեռուստանախագծերում… Զրույցի ընթացքում համոզվեցի ևս մեկ անգամ՝ մի՛ խառնիր կերպարն ու կերտողին… Նրա՝ ծիծաղ առաջացնող ու միամիտ հայացքով կերպարները բոլորովին նման չեն Անդրանիկ Հարությունյան անհատին. հավասարակշռված զրուցակից ու ավելի լուրջ  խոսակցություն:

-Հիմա ինչո՞վ եք զբաղված:

-Կամերային թատրոնում զբաղված եմ ներկայացումներում, ATV հեռուստաընկերության «Արդյոք ովքեր են» հեռուստաշոուում: Նաև ներկայացում ենք պատրաստում, որը կապ չունի Կամերային թատրոնի իմ խաղացանկի հետ: Ընկերներով՝ ես, Լիլին և Կարապաետ Բալյանն ենք պատրաստում…Ներկայացումը քթերի մասին է, եթե նկատել եք, Կարոն էլ քթից «չի բողոքում»…Թեև հումորի ժանրում է, բայց շատ ու շատ ասելիք ունի, ենթատեքստեր… Մենք ապագա ենք խաղալու, դա ապագայի ներկայացում է՝ 2080 թվական… Կգաք և կտեսնեք այդ թվականի Հայաստանը…

-Մեր երիտասարդ արվեստագետները և ընդհանրապես՝ երիտասարդները, հասարակական կյանքում ավելի ակտիվ են դարձել: Դուք էլ, կարծես, անտարբեր չեք այդ հարցերին: Ի՞նչ եք կարծում, դա առողջ ծիլեր կտա՞:

-Անկեղծ ասած՝ նման միջոցառումներից միայն մեկին մասնակցեցինք մեր թիմով. դա տրանսպորտի թանկացման հետ կապված հարցն էր: Դրանից հետո սկսեցինք ստեղծագործական աշխատանքները ու հիմա զբաղվածության պատճառով չենք մասնակցում մյուս ակցիաներին: Բայց ասեմ, որ երիտասարդության ակտիվությունը շատ է ուրախացնում, հասկանում ենք, որ այդ երիտասարդների հետ ապագա ունենք ու ինչ-որ բանի կհասնենք… Ընդհանրապես, կյանքում, մարդը պետք է ակտիվ լինի ամենուր՝ քաղաքական, ընտանեկան, աշխատանքային հարցերում: Դա լավ բան է…

-Քանի որ խոսեցիք ակտիվությունից, ապա դատելով Ձեր զբաղվածությամբ՝ կարելի է ասել, դուք գերակտիվ եք…

-Ասեմ, որ ես հիմնականում տանն եմ ակտիվ լինում, աշխատանքում երբեմն հոգնում եմ… Օրինակ, երկու օր առաջ վրաս հոգնածություն էր իջել, բայց չհասկացա՝ ինչից էր: Փառք Աստծո՝ արդեն անցել է…

-Իսկ այդ հոգնածությունն ինչպե՞ս եք թոթափում:

-Իմ մտքերով առանձնանում եմ, «restart» եմ լինում ու անցնում է…

-Անդո, թեև ձեր մասնագիտությամբ, բայց մի քանի տեղ եք աշխատում: Պատճառն ի՞նչն է. չե՞ք կարողանում մերժել մասնագիտական առաջարկները, թե ընտանիքը պահելու խնդիրը կա…

-Եթե ասեմ, որ հնարավոր է թատրոնով ընտանիք պահել՝ սուտ կլինի, իսկ կողքից աշխատանքները նորից իմ բնագավառում են, այնպես որ երևույթը նորմալ է… Բայց ասեմ, որ սա իմ մասնագիտությունը չի, ես ուղղակի զբաղվում եմ իմ սիրած գործով, որն ինձ հոգեհարազատ է, ինձ լավ եմ զգում… Կարծում եմ, որ այսքան ժամանակ չի եղել մի բան, որում հանդիսատեսին հոգնեցնեմ: Ամեն դեպքում, դեռ չի եղել դեպք, որ փողոցում մեկը մոտենա ու ասի՝ դե լավ էլի, արդեն հոգնեցրիք… Ես զբաղվում եմ իմ սիրած գործով ու արձագանքում եմ լավ հրավերներին: Փորձում եմ ընդունել գործնական այն առաջարկները, որտեղ ինձ համար լավ է թե՛ ֆինանսապես, թե՛ մարդկային հարաբերությունների, մթնոլորտի առումով:

սացիք, որ սա ձեր մասնագիտությունը չէ: Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Դպրոցն ավարտելուց հետո անցել եմ ծառայության: Վերադարձից հետո տեսա Կամերային թատրոնում դերասանի դասարանում ընդունելության հայտարարությունը: Անմիջապես դիմեցի, ընդունվեցի… Սկզբում մանկական ներկայացումներում էի խաղում…Այ այդպես եկա հասա ինչ-որ կետի ու դեռ հույս ունեմ, որ շատ-շատ կուրախացնեմ մեր հանդիսատեսին… Չգիտեմ, թատերական կրթություն չունենալը լա՞վ, թե՞ վատ է… Բայց մի լավ բան կա՝ որ թատերական կրթություն չունենալով հանդերձ՝ որոշներից լավն եմ… Շատերի նման չեմ ասում՝ ո՞վ է ասում չունեմ, ուղղակի կորցրել եմ… Ես ոչ ունեմ, ոչ էլ կորցրել եմ (ծիծաղելով)…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ