Հազվագյուտ քար, որն արնահոսում է. ի՞նչ է սա (Photo, Video)


12:40 , 26 մարտ, 2014

Փոքր ժամանակ բոլորս էլ լսած կլինենք, թե ինչպես էին մեծերը հորդորում մեզ քարեր չնետել ուրիշների վրա, որովհետև «քարի մեջ արյուն կա»: Պարզվում է, որ աշխարհում իրոք կան կենդանի «քարեր», որոնք արյուն ունեն իրենց մեջ: Բնականաբար, դրանք քարեր չեն, այլև յուրահատուկ ծովային կենդանատեսակ, որոնք արտաքնապես շատ նման են քարի, բայց ունեն ներքին օրգաններ և արյունատար համակարգ:

Բացի նրանից, որ այս յուրահատուկ ծովային կենդանին, որը 15-18 սմ երկարություն ունի, այն շատ է նման քարի, նաև բացարձակ անշարժ է՝ ինչպես սովորական քարը: Այն սնվում է իր մեջով անդադար ջուր անցկացնելով, և ֆիլտրի պես թորում է այն տարբեր միկրոօրգանիզմներից, պլանկտոնից և օրգանական մնացորդներից, որոնք առկա են ծովաջրի մեջ:

Ահա, թե ինչպիսին է դրանց կառուցվածքը

Այս արարածների թափանցիկ արյան մեջ հայտնաբերվել է շատ հազվադեպ բյուրեղ՝ վանադիում: Բացի դրանից, այս կենդանիները, որոնց ասցիդիա են ասում, ունեն բոլոր սեռական տարբերությունները, որոնք առկա են բարձրադաս կենդանիների մոտ: Հասնելով սեռական հասունացման` էգերը ձվանետում են անում, իսկ արուները՝ սերմնահեղուկ ամպ են արտանետում ջրի մեջ, և այդպես տեղի է ունենում նրանց խաչասերումը:

Այս կենդանատեսակն ապրում է ափամերձ ջրերում՝ մինչև 80 մետր խորության վրա, իսկ նկարներում պատկերված է Չիլիում հայտնաբերված ասցիդիաների Pyura chilensis տարատեսակը: Տեղաբնակները ուտում են ասցիդիաներին հում կամ էլ հնեցված տեսքով, իսկ այն եվրոպացիները, ովքեր ռիսկ են անում համտեսել այս ուտեստը, դրա համը բնութագրում են որպես «դառը և օճառի պես անհասկանալի մի բան, որից յոդի համ է գալիս»:

Դե ավելին սպասելը «քարի» մսից դժվար էլ է: Հնարավոր է, որ այդ համը մսին հաղորդում է արյան բաղադրության մեջ առկա վանադիումը, որը հանդիպում է նաև հում նավթի մեջ: Չիլիական ասցիդիաների արյան մեջ վանադիումի քանակությունը 10 միլիոն անգամ գերազանցում է, քան դրանց բնակության վայրում ջրի մեջ եղածը, և մինչ օրս էլ գաղտնիք է, թե որտեղից են նրանք հայայթում այդ բյուրեղը:

Pyura ցեղատեսակի մեջ մտնում է նաև ոչ պակաս տարօրինակ տեսք ունեցող ծովային կակաչը (Pyura spinifera), որի ներկայացուցիչները կպնելով իրար, առաջացնում են կակաչների փունջ հիշեցնող և վառ գունավորում ունեցող գոյացություններ: Սովորաբար, ասցիդիաներին կարելի է գտնել խիտ և մեծ կուտակումների մեջ, որոնք կարող են հաշվել ընդհուպ մինչև մի քանի հազար ասցիդիա: Հենց դա էլ թույլ է տալիս ենթադրել, որ այս կենդանատեսակը երկսեռ է, որովհետև եթե հիշենք, որ այն բացարձակապես անշարժ է, ապա անհնար է, որպեսզի այն բազմանա, եթե մոտակայքում չլինի հակառակ սեռի ներկայացուցիչ:

Ասցիդիաներն ունեն նաև մեկ այլ տարածված անվանում՝ ծովային ներարկիչներ: Սա գալիս է նրանց պաշտպանական ռեակցիայից. երբ դիպչում ես ասցիդիային, այն իր մարմնի բոլոր խոռոչներից ջրի ուժգին շիթեր է բաց թողնում՝ ասես ջրով լի բազմաթիվ ներարկիչներ միանգամից դուրս թողնեն իրենց մեջի ջուրը: Ջուրն արտանետելուց հետո ասցիդիաների մարմինները փափկում են և տձևանում: