Գերիների հայրենադարձման հարցը հրատապ է


12:48 , 25 մարտ, 2014

Սահմանագիծը հատած ու Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնված Հայաստանի երկու քաղաքացիների` Հակոբ Ինջիղուլյանի ու Արսեն Խոջոյանի մասին Ադրբեջանից նոր տեղեկություններ չեն հրապարակում: Մի պահ, կարծես, Ինջիղուլյանի` երրորդ երկիր տեղափոխումը շատ մոտ էր թվում, սակայն առ այսօր, նրա հարցը մնում է չլուծված:

Ադրբեջանում գտնվող ռազմագերիի հայրենադարձման կամ երրորդ երկիր տեղափոխվելու հարցն առավել հրատապ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի սկզբներին Բաքվից հայրենադարձված Մամիկոն Խոջոյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնք արդյունք են Ադրբեջանում վերջինիս նկատմամբ իրականացված բռնությունների, նաև` հրազենի գործադրման:

Օրեր առաջ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել Ադրբեջանից Հայաստան վերադարձած Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակի մասին: Ռեպորտաժում Խոջոյանի որդին` Համլետը, նշում է, որ խոսել է հոր հետ, սակայն հայրն այնպիսի վիճակում է եղել, որ որդուն չի ճանաչել: Ավելին, ռեպորտաժում հստակ կադրեր են ներկայացվում, որում պարզ է դառնում, որ ադրբեջանցիներն իրենց ստորության կնիք են թողել ոչ միայն կտտանքների, այլ Խոջոյանի մարմնի տարբեր հատվածներում դաջված թուրքական մահիկի ու աստղի տեսքով:

Խոջոյանի ողջ մարմինը պատված է դաջված կիսալուսիններով, գլխին նույնպես դաջված է թուրքական մահիկը` աստղով (հղում):

Չնայած այն հանգամանքին, որ Մամիկոն Խոջոյանի` գերության մեջ գտնվելու օրերին, ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր էին ցուցադրում վերջինիս` «միջազգային կոնվենցիաներին համահունչ բուժզննություն անցկացնելու մասին», այնուամենայնիվ, Խոջոյանի նկատմամբ իրականացված գործողությունները քողարկելն անհնարին է:

Հավանաբար, հայկական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այս մասին իր մտահոգությունները կհայտնի, սակայն լուրջ ակնկալիքներ սպասելն անիմաստ է:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի կողմից իրականացվելիք ռացիոնալ քայլեր կդիտվեն սահմանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործողությունները, որոնք նվազագույնի կհասցնեն Հայաստանի քաղաքացիների` տարբեր պատճառներով սահմանը հատելու ու Ադրբեջանում հայտնվելու դեպքերը, որովհետև Ադրբեջանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվող բռնություններն անխուսափելի են, իսկ միջազգային շահագրգիռ կառույցների արձագանքն անարդյունավետ: