Համակարգչին «սովորեցրել» են տարբերել իրական և շինծու ցավը


20:37 , 24 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Սան Դիեգոյի կալիֆոռնիական համալսարանի և Տոկիոյի համալսարանի գիտնականները համատեղ աշխատանքի արդյունքում մշակել են համակարգչային համակարգ, որը կարող է մարդու դեմքի արտահայտությունից պարզել՝ նրա մոտ առկա է իսկակա՞ն ցավ, թե՞ այդ ամենը շինծու է: Այս մասին ասվում է Current Biology պարբերականում հրապարակված հոդվածում:

Հետազոտության առաջատար հեղինակ Մարիան Բարտլետի խոսքով՝ մարդը միշտ չի կարող տարբերել իրական ցավը կեղծից, իսկ համակարգչային համակարգին հաջողվում է նկատել դիմախաղի տարբերիչ դինամիկ առանձնահատկությունները:

Համակարգը մեծապես հիմնված է դեմքի արտահայտությունների կոդավորման համակարգի վրա, որը մշակել է հայտնի հոգեբան Փոլ Էկմանը 1978 թվականին: Դա մարդկային հույզերի ֆիզիկական արտահայտությունների համակարգային դասակարգման տարածված չափորոշիչ է, որը կիրառվում է տարբեր մասնագետներ կողմից՝ հոգեբաններից մինչև անիմատորներ: 

Ծրագիրը փորձարկվել է 25 կամավորների վրա: Այնուհետև երկուական տեսագրություն ցուցադրվել է 170 մարդկանց: Համակարգը իրական և շինծու արտահայտությունները պարզել է 85 տոկոս դեպքերում, մինչդեռ մարդիկ՝ 55 տոկոս դեպքերում: