15:47 , 24 մարտ, 20141in.am-ը գրում է.
Երևանի վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով, ՃՈ հետ համատեղ քննարկվել են շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո առանձնացվել են տաքսիների նոր, անվճար կայանատեղերի 35 տարածք: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 24-ին, Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցքության ժամանակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է արդեն իսկ առկա 40 տարածքի օրինակով, ՃՈ հետ համատեղ, սեղմ ժամակետում նշված 35 տարածքները ևս կահավորել համապատասխան ճանապարհային նշաններով: Պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել և հնարավոր նոր կայանատեղերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության շնորհիվ մայրաքաղաքում նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 31 արձանագրություն, որից 28-ը՝ Կենտրոն վարչական շրջանում: Ընդ որում, արձանագրությունների զգալի մասը կազմվել է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների կողմից, ինչը քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է անթույլատրելի. «Ըստ էության, այս գործառույթի իրականացման հիմնական պատասխանատուն հենց վարչական շրջանի համապատասխան բաժինն է, որի պարտականությունը ամենօրյա հսկողության իրականացումը և բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը հայտնաբերելն ու համապատասխան քայլեր ձեռնարկելն է: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության սակավաթիվ աշխատակիցներն ավելի շատ դեպքեր են հայտնաբերում, քան վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակիցները: Նման վարքագիծն անթույլատրելի է, ինչը նաև խոսում է այն մասին, որ տվյալ բաժնի աշխատակիցներն ուղղակի մատների արանքով են նայում իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարում եմ խիստ նկատողություն հայտարարել Կենտրոնի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետին՝ աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար», - նշել է քաղաքապետն ու հանձնարարել պատասխանատուներին շարունակել գործընթացի նկատմամբ խսիտ հսկողությունը, մասնավորապես, վարչական շրջանների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ: