13:56 , 24 մարտ, 20141in.am-ը գրում է.
ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը մարտի 24-ի նիստում խորհրդարանի ուշադրությունը հրավիրեց Սիրիայի հայաշատ Քեսաբ բնակավայրում ստեղծված դրության վրա: «Հարյուր տարին չբոլորած՝ այդ բնակչությունը, հատկապես՝ մեր հայրենակիցները, երկրորդ անգամ տարհանվում են իրենց բնակության վայրերից, և եթե 2015 թվականին չկար Հայաստանի Հանրապետության, որ իրենց տիրություն աներ, ապա հիմա կա: Ի՞նչ գործողություններ եք ծրագրում անել, միգուցե համատեղ քննարկում կազմակերպեք ԱԳ նախարարության հետ, միգուցե որպես ԱԱԽ անդամ՝ դուք ինչ-որ քայլեր ձեռնարկեք, համատեղ հայտարարություններ ու կոչեր անեք»,- ասաց նա՝ նշելով, որ արժե անպայման այս քառօրյան օգտագործել և համատեղ ինչ-որ գործողություն, հայտարարություն մշակել, որովհետև մեր հայրենակիցների վիճակն այնտեղ իսկապես շատ դժվար է և մեր պետությունից արտակարգ միջամտություն է ակնկալվում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը, կարծում է՝ դա բոլորի մտահոգությունն է, սակայն գործողությունների, ծրագրերի մասին խոսելն ավելորդ է:
Աբրահամյանի համոզմամբ՝ ամենից արդյունավետ ու ճիշտ կլինի, որ հրավիրեն ԱԳ նախարարին կամ պատասխանատուին, ով կփորձի ներկայացնել իրականությունը, թե ինչ գործողություններ են ընթանում Սիրիայում: «Բոլորս էլ մտահոգված ենք, իրոք, բայց ունենալով պետություն՝ մենք իրավասու չենք միջամտել այլ պետության ներքին գործերին, իմ կարծիքով՝ դա ավելի խորը խնդիր է, և գտնում եմ՝ որպեսզի նաև պատգամավորները տեղյակ լինեն, մենք պիտի համապատասխան նախարարության հետ լսումներ կազմակերպենք և տեղեկատվություն ստանանք»,- ասաց նա:
Նշենք՝ Սիրիայի հայաշատ Քեսաբ բնակավայրն արդեն հայաթափվել է, տեղի բնակչությունը տարհանվել է Լաթաքիա: