ՀԱԱԳԱ. Կիսաթաց երկրի բնակիչներն` արևոտ հայրենիքի կարոտով


12:54 , 24 մարտ, 2014

ՀԱԱԳԱ. Կիսաթաց երկրի բնակիչներն` արևոտ հայրենիքի կարոտովArmnewstv.am-ը գրում է.

Բոլոր փողոցներն ու գրեթե բոլոր տներն իրարից բաժանող ջրանցքները միանգամից հուշում են, որ գտնվում ես մի արտասովոր երկրում՝ ծովի մակերեւույթից ավելի ցածր տեղում: Հենց դա էլ նշանակում է Նիդերլանդներ՝ ցածրադիր հողեր: Պարզվում է 100 տարվա ընթացքում Նիդերլանդների թագավորությունը մեկ մետրով իջնում է ներքեւ, որի դեմ բնակիչները հողաթմբերով ու պատնեշներով է պայքարում: Առաջինը այստեղ ոտք դրեցին վաճառական հայերը 17-րդ դարի սկզբին, հետո բացեցին տպարան ու 1666 թվականին Ամստերդամում տպագրեցին առաջին հայկական Աստվածաշունչը: Հիմա Նիդերլանդներում բնակվում է գրեթե 7 հազար հայ: 

Սերժ Սարգսյանի եւ Հոլանդիայի հայ համայնքին հետաքրքրող գլխավոր հարցերը վերաբերում էին Հայաստանի տնտեսության այս կամ այն խնդիրներին՝ սկսած Մաքսային միությանն Հայաստանի անդամակցելուց, մինչեւ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ: Սերժ Սարգսյանը Հայաստանի տնտեսությամբ հետաքրքրվողներին կոչ արեց ամեն մեկը հնարավորության դեպքում մեկ աշխատատեղ ստեղծի Հայաստանի համար:

Հարցերի երկրորդ մասը վերաբերում էր Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Նախագահը հոլանդահայերին վստահեցրեց, որ այս օրերի ընթացում չի նախատեսում հանդիպել Իլհամ Ալիեւին, որովհետեւ Ադրբեջանի նախագահը Վիլնյուսում խոստացել է այլեւս ռազմատենչ հայտարարություններ չանել ու սահմանային միջադեպերին վերջ դնել, բայց չի կատարել իր խոստումը: Հոլանդահայ համայնքը վստահեցրեց, որ Հայաստանի անվտանգությանը վերաբերող ցանկացած խնդրի դեպքում իրենք կանգնած են Հայաստանի ու Ղարաբաղի կողքին:

Հայրենիքի խնդիրներից բացի, խնդիրներ ունեն նաեւ հոլանդահայ համայնքը դրանք հիմնականում երկուսն են՝ հոգով ու կենցաղով հայ մնալ, օգնել հայկական երկու հանրապետություններին ու ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը, մանավանդ, որ առաջիկայում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Հոլանդիայի Առնելո քաղաքի բնակիչ Արմեն Գալստյանը Հայաստանից քարեր է տեղափոխել եւ այս տարվա ապրիլի 24-ին եկեղեցու բակում կբացեն Ծիծեռնակաբերդի մակետ:

Չնայած նախագահը ուշանում էր իր հաջորդ հանդիպումից, բայց չհեռացավ դեսպանատան հանդիպումների դահլիճից մինչեւ ամենավերջին հարցը չհնչեց: Ամենաթաց, կամ կիսաթաց երկրի բնակիչները հանդիպումից հետո հեռացան, մի քիչ մտախոհ՝ արեւոտ հայրենիքից խնդիրներով:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ