10:44 , 24 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Ռոք երաժշտությունն աշխարհում ամենատարածվածներից է, բայց նաև՝ ամենաքննադատվողը… Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը «Էմփիրեյ» ռոք խմբի դաշնակահարուհի Գիսանե Պալյանն է, ում հետ զրուցեցինք ոչ միայն ռոքային, այլ տարբեր երաժշտական ուղղությունների մասին: Ի դեպ, Գիսանեն հանդիսանում է նաև Շանթ հեռուստաընկերության մի շարք երաժշտական նախագծերի պրոդյուսեր, գրում է երգեր հայ և արտասահմանցի երգիչների համար:
- Ձեր խումբը՝ «Էմփիրեյը», ունենալով հիմնավոր պատճառներ, նախորդ տարի պասիվ շրջան ապրեց: Արդյոք 2014-ին առավել գործունյա կլինեք:
- Քանի որ նախորդ տարվա առաջին կեսից մեր մեներգիչը՝ Սարգիս Մանուկյանը, մեկնեց ԱՄՆ, խումբն, իսկապես, ավելի պասիվ դարձավ: Պատճառն այն է, որ նախ չգիտեինք՝ որքան ժամանակով է մեկնել, կվերադառնա՞, թե՞ ոչ: Երբ արդեն մեր խումբ ներառեցինք նոր մեներգիչ՝ Եվա Սուջյանին, իր հետ մի քանի բարեգործական համերգային ծրագրով ելույթ ունեցանք… Քանի որ մեներգիչը փոխվեց, ու հիմա նա աղջիկ է, հնարավոր է «Էմփիրեյի» նախորդ ձևաչափից մի փոքր շեղվենք…
- Գիսանե, իսկ տեղեկություններ չունե՞ք՝ Սարգիսն այնտեղ պատրաստվում է ընդմի՞շտ մնալ, թե երբևէ կվերադառնա ու կմիանա ձեզ:
- Որքանով ես եմ հասկանում, Սարգիսն այնտեղ երկար ժամանակ կմնա: Չեմ կարող ասել՝ երբևէ կվերադառնա՞, կամ արդյոք վերադարձից հետո խմբին կմիանա…

- Իսկ տեղյա՞կ եք՝ այնտեղ զբաղվո՞ւմ է երգարվեստով…
- Նա մեր ընկերն է, միշտ կապի մեջ ենք… Այո, զբաղվում է երաժշտությամբ, ինչպես և այստեղ: Պարզապես անձնական որոշ պատճառներից ելնելով՝ հարմար գտավ մեկնել և այնտեղ ապրել:
- Գիսանե, այսօր երիտասարդները ռոքով հետաքրքրվա՞ծ են:
- Գիտեմ, որ շատ լավ խմբեր կան, որոնք աշխատում են, թեկուզ փոքր ակումբներում՝ համերգներ են ունենում, թեև էկրաններին չեն երևում… Պարզապես այսօր շատ ռոք խմբեր, կատարողներ նախընտրում են շատ ավելի ծանր երաժշտություն, ինչն էլ գուցե պատճառ է դառնում, որ լայն մասսաները չհետաքրքրվեն: Ամեն դեպքում, գիտեմ, որ ունենք շատ լավ ռոք խմբեր, որոնք դրսում համերգներ են ունենում, փառատոնների մասնակցում, մրցանակներ շահում, բայց այստեղ իրենց այնքան էլ չեն ճանաչում:
- Դուք երգեր գրելու պատվերներ այստեղ շա՞տ եք ունենում:
- Մի պահ, երբ «Էմփիրեյը» բուռն ժամանակներ էր ապրում, կարծես նորաձև դարձավ այս ոճը և շատ երգիչներ, երգչուհիներ որոշեցին իրենց փորձել այս ոճում: Այդ ժամանակ ինձ մոտ շատ ավելի հաճախ էին ռոքային հնչողությամբ երգեր պատվիրում: Այժմ կան երգիչներ, որ անկախ նորաձև լինելուց, շարունակում են հավատարիմ մնալ իրենց ճաշակին, սկզբունքներին… Անցած տարվա ընթացքում ես բավական շատ գործեր եմ գրել ռուսաստանցի, արտասահմանցի երգիչների համար… Մեզ մոտ հիմա ընդհանուր երգարվեստը անկում է ապրում: Երգիչ-երգչուհիներից շատերը մեկնում են երկրից, ոմանք ուղղակի անցել են միայն ակումբային գործունեության: Ողջունելի է, որ կան երգիչներ, որոնք, այնուամենայնիվ, տեսահոլովակներ են նկարահանում… Նույնիսկ լավ փոփ երաժշտությունը, որը մասսայական է, գեղեցիկ է, մենք հիմա շատ քիչ ենք տեսնում… Գուցե սխալվում եմ, բայց այդ անկումը նաև ռաբիս ոճի երգիչների մոտ եմ նկատում… Չգիտեմ, այս անհասկանալի վիճակը դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը կտանի…
- Ըստ ձեզ՝ դա ինչի՞ հետ է կապված…
- Ժողովրդի սոցիալական վիճակի հետ: Այս ամենը մի մեծ շղթա է: Օրինակ, մի քանի տարի առաջ բավականին շատ մենահամերգներ, հավաքական համերգներ էին կազմակերպվում: Իհարկե, խոսքս էստրադային ոճի մասին է: Իսկ վերջերս չեմ նկատում, որ համերգներ կազմակերպվեն… Մարդիկ վճարունակ չեն, չեն գնում տոմսեր, չեն լցվում դահլիճներ: Գիտեմ, որ նույնիսկ դրսի համերգներն են քչացել, Սփյուռքն է պասիվացել: Բացի դրանից, այսօրվա նոր աճող երգիչների սերնդի մոտ գերնպատակը, ձգտումը կարծեք թե հարսանիքների, խնջույքների հրավերներն են… Գրված բոլոր երգերը հարսի, փոսայի, քավորի ու շնորհավորի մասին են: Դա շատ անառողջ տենդենց է… Չգիտեմ, գուցե ամբողջ աշխարհում է այդպես, բայց անառողջ է… Փաստորեն ձգտումը ոչ թե մենահամերգն ու ձայնասկավառակն է, այլ ընդամենը մի երգ ձայնագրելը, որը հարսանիքների հրավերներ կստանա և գումար կաշխատի…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ