Հաագայում Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հետ


10:36 , 24 մարտ, 2014

Հաագայում Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հետArmnewstv.am-ը գրում է.

Վերջին շրջանում Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները Ադրբեջանի ջանքերով դանդաղել են, դարձել ավելի սառը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպեցին անցած տարվա նոյեմբերին Վիեննայում: Սարգսյան-Ալիեւ առանձնազրույցին հետեւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու երկու երկրների արտգործնախարարների ներկայությամբ հանդիպումը:

Այդ հանդիպումն առանձնացավ նախագահների միմյանց նկատմամբ սառը վերաբերմունքի արտահայտմամբ: Լրագրողները հանդիպումից առաջ նկատեցին, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը միմյանց ձեռք չսեղմեցին:

Վիեննայի հանդիպումը տեղի ունեցավ Հակամարտության կարգավորման տեւական դադարից հետո: Մինչդեռ կար ժամանակ, երբ նախագահներն ավելի հաճախ էին հանդիպում, քննարկում Ղարաբաղի հարցը: Դա այսպես ասած` Դմիտրի Դեդվեդեւի ժամանակներն էին, երբ երկկողմ ու եռակողմ գրեթե 10 հանդիպում տեղի ունեցավ: Ինտենսիվ հանդիպումներից վերջինը Սոչիում էր 2012 հունվարին, երբ նախագահները համատեղ հայտարարություն ստորագրեցին:

Սոչիի հանդիպումից մինչեւ Վիեննայի հանդիպում փոփոխվեցին գործող անձինք, բայց նույնը մնացին դերակատարները: Նախ փոխվեցին ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարները` Ռուսաստանում Դմիտրի Մեդվեդեւին փոխարինելու եկավ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայում Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսուա Օլանդը: Այդ ընթացքում Հայաստանում եւ Ղարաբաղում տեղի ունեցան նախագահական ընտրություններ` նախագահները վերընտրվեցին: Բացի այդ` Գուրգեն Մարգարյանին խաղաղ պայմաններով ու քնած ժամանակ սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջաին և հերոսացրին: Սա ավելի սառեցրեց երկու երկրների միջեւ հարաբերությունները: Գրեթե երկամյա դադարից հետո իրավիճակը իր ձեռքը փորձեց վերցնել ԱՄՆ-ը` համանախագահ նշանակելով Ջեյմս Ուորլիկին, որը հենց սկզբում հայտարարեց, որ սկսվում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր ռաունդ` նոր ջանքերով ու լիցքերով: Ընդհանրապես, Վիլնյուսյան հանդիպումից հետո Ղարաբաղի խնդրում ամենաքաղաքական գործիքը դարձավ Թվիթերը: Նախ նախագահի մամուլի խոսնակը գրեթե օնլայն միկրոբլոգում գրառեց հանդիպման արդյունքների մասին՝ հնարավորություն չտալով ադրբեջանական կողմին ապատեղեկատվություն տարածել, ապա ամերիկացի համանախագահը ակտիվորեն սկսեց բանակցությունների ընթացքի մասին հայտարարություններ տեղադրել իր էջում:

Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է սովորություն դարձնել Ղարաբաղի կարգավորման բանակցությունների ֆոնին սադրել սահմանային միջադեպեր ու բանակցությունների նախօրեին ռազմատենչ ու ագրեսիվ հայտարարություններ հնչեցնել: Չնայած դրան, հայկական կողմն անընդհատ հայտարարում է խնդրի խաղաղ կարգավորման ու բանակցային գործընթացը շարունակելու մասին: Վերջին հանդիպումը մարտի սկզբին էր` Համանախագահներն առանձին-առանձին հանդիպեցին արտգործնախարարների հետ ու պայմանավորվեցին հանդիպում կազմակերպել Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ